Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (19912026 թթ.) նվիրված հուշադրամ

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 

1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: 

Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրախորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 

Դիմերես՝ ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ:

Դարձերես՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «…Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի): 

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 168,1 գ

Տրամագիծը 63,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ/համարակալված

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2026


****

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: 

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *