Սեպտեմբերի 13-ի արյունոտ գիշերը․ 4 տարի առաջ ադրբեջանական ագրեսիայից 224 հայ զոհվեց

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրանում է 4-րդ տարին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ հրետակոծություն սկսեցին Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով։

Հարվածների թիրախում էին հայտնվել ՀՀ տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերն ու քաղաքները՝ Գորիսը, Ջերմուկը, Կապանը, Սոթքը, Վարդենիսը և հարակից այլ շրջաններ։ Հակառակորդի կողմից կիրառվել են հրետանի, ականանետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ ծանր զինատեսակներ։Հատկապես ծանր իրավիճակ էր ստեղծվել առողջարանային Ջերմուկ քաղաքում։ Այն ենթարկվել է անդադար հրետակոծության և ԱԹՍ-ների հարվածների, իսկ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետևանքով քաղաքի հարակից բարձունքներում ստեղծվել էր անմիջական ռազմական սպառնալիք։ Հրետակոծությունների պատճառով լայնածավալ հրդեհներ էին բռնկվել նաև Ջերմուկի անտառային գոտիներում։

Մարտերը շարունակվել են մոտ երկու օր։ Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը շարունակում էր կիրառել հրետանի և հրաձգային զինատեսակներ, իսկ կողմերի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները մի քանի անգամ խախտվեցին հակառակորդի կողմից։

Սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունեցել է 224 զոհ և 293 վիրավոր։ Զոհվածների թվում եղել է 5 կին զինծառայող։ Ադրբեջանի հարձակման հետևանքով զգալիորեն վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Մի շարք բնակավայրերից խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ստիպված են եղել լքել իրենց տները։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տվյալներով՝ այդ օրերին սահմանամերձ բնակավայրերից տեղահանվել էր ավելի քան 7 հազար մարդ։ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված ամենածանր ռազմական էսկալացիաներից մեկն էր, որի աշխարհագրությունն ընդգրկում էր Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *