ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում երկու հայ եղբայր մտել են այրվող շենք և փրկել ներսում գտնվող վեց տարեց բնակիչի։
20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են դեպքի վայրի հարևանությամբ։ Սեպտեմբերի 11-ին, երբ Mountain Street փողոցում գտնվող տարեցների խնամքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, եղբայրները տեսել են շենքից դուրս եկած բուժքրոջը, որը օգնություն էր խնդրում, և անմիջապես շտապել են ներս։
Նարեկը սկզբում փորձել է հանգցնել կրակը, սակայն կրակը շարունակել է տարածվել։ Եղբայրները, լսելով ներսում գտնվող մարդկանց օգնության կանչերը, մտել են ծխով լցված շենք և տարհանել են տարեց բնակիչներին:
Այդ պահին շենքում եղել են երկու բուժքույր և վեց տարեց բնակիչ։ Նրանցից մի քանիսը դժվարությամբ էին տեղաշարժվում։ Ալեքսն ու Նարեկն օգնել են նրանց դուրս գալ շենքից։ Եղբայրներին միացել են նաև երկու հարևան, և բոլոր վեց տարեցները դուրս են բերվել շենքից։
Վերջին բնակչին դուրս բերելուց անմիջապես հետո շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում է, որ պայթել է թթվածնի բալոն, ինչի հետևանքով շենքի մի հատվածը փլուզվել է։
Հրդեհի հետևանքով յոթ մարդ, այդ թվում՝ վեց տարեց բնակիչ և մեկ աշխատակից, տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով։ Շենքը լրջորեն վնասվել է, իսկ հրդեհի պատճառը դեռևս պարզվում է:
Եղբայրները իրենց արարքը հերոսություն չեն համարում։ Ալեքս Բազինյանն ասել է, որ երբ տեսնում ես օգնության կարիք ունեցող մարդկանց, պարզապես ցանկանում ես օգնել։