ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են զարգացնել վարակիչ հիվանդությունների բռնկումների վաղ հայտնաբերման և դրանց արձագանքման միասնական համակարգ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև աղետների ռիսկերի վաղ նախազգուշացման և տվյալների փոխանակման ուղեցույցներ։ ԲՐԻԿՍ-ի հռչակագրում նշվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկումները և այլ առողջապահական արտակարգ իրավիճակներ պահանջում են երկրների միջև արագ տեղեկատվության փոխանակում և համակարգված արձագանք։
Մոդին նաև առաջարկել է ստեղծել BRICS Startup Innovation Fund՝ նորարարական ոլորտում գործող ստարտափներին աջակցելու համար։ Միաժամանակ նախատեսվում է զարգացնել BRICS-ի ինկուբատորների ցանցը, որը պետք է կապի անդամ երկրների ստարտափներին և համապատասխան կազմակերպություններին։
Բացի այդ, ԲՐԻԿՍ-ում ստեղծվել է թվային գերազանցության կենտրոն՝ խելացի էլեկտրացանցերի և էներգիայի կուտակման տեխնոլոգիաների ոլորտում։ Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել էներգետիկ համակարգերի արդյունավետության, հուսալիության և կիբերանվտանգության բարձրացմանը։
Մոդին նաև առաջ է քաշել մատակարարման շղթաների համագործակցության, թվային գյուղատնտեսության և արհեստական բանականության կիրառման ընդլայնման գաղափարները։
Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ Գլոբալ հարավի երկրների վստահությունը ԲՐԻԿՍ-ի նկատմամբ աճում է, քանի որ կազմակերպությունում նրանց ձայնը լսելի է, և նրանք ներգրավված են որոշումների կայացման գործընթացում։