Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների սեպտեմբերի 14- ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է՝ «համաձայնության հասնելու համար», X-ում հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
Նախատեսվում էր, որ մասնակիցները դատապարտելու են Հորմուզի նեղուցով նավարկության կարգավորման մասին Օմանի եւ Իրանի միջեւ համաձայնագրի նախագիծը։
«Փոխհամաձայնության հասնելու շահերից ելնելով՝ վաղը նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է»,- գրել է օմանցի նախարարը։
Հանդիպման նոր ժամկետը հայտնի չէ։
Բազմակողմ խորհրդակցությունները նախաձեռնողը Օմանն էր։ Բանակցությունները պետք է դառնային փետրվարից ի վեր Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների եւ Իրանի ներկայացուցիչների բարձր մակարդակով առաջին հանդիպումը։
Օգոստոսի վերջին Իրանը եւ Օմանը հայտարարել էին Հորմուզի նեղուցով նավերի անցման ժամանակավոր կարգի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Միեւնույն ժամանակ Թեհրանը հայտարարել էր, որ համաձայնագիրը չի նշանակում նեղուցի բացում։ Սխեման կգործարկվի, երբ ԱՄՆ-ը «վերադառնա փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորություններին»։
Իր հերթին Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով Պարսից ծոցի պետություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյային, X սոցիալական ցանցում գրել է, որ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի եւ Իրանի առաջարկում, «քանի որ մտավախություն ուներ, որ առաջարկված ձեւակերպումը կարող է նեղուցում փաստացի նոր ստատուս-քվո հաստատել, որն անընդունելի կլինի թե՛ իր, թե՛ Ծոցի մյուս երկրների համար»։