Արցախյան ազատամարտի պատմությունը ձևավորվել է ոչ միայն ռազմական գործողություններով, այլև այն մարդկանց կենսագրություններով, որոնք տարբեր տարիների կանգնած են եղել Արցախի պաշտպանության առաջին գծում։ Այդ մարդկանցից է Արցախի պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որի ծննդյան 61-ամյակը լրանում է այսօր։
1965 թվականին Ստեփանակերտում ծնված Մնացականյանը զինվորական ուղին սկսել է Արցախյան ազատամարտի տարիներին։ 1990-1992 թվականներին նա եղել է Ստեփանակերտի առաջին վաշտի ազատամարտիկ, իսկ 1993 թվականից նրա ծառայությունն ամբողջությամբ կապվել է Արցախի պաշտպանության և Պաշտպանության բանակի հետ։
Մնացականյանը ծառայել է ՊԲ-ում՝ զբաղեցնելով հրետանային դիվիզիոնի հրամանատարի, ապա հրետանու պետի պաշտոնները։ Նրա հետագա զինվորական կարիերան շարունակվել է հրամանատարական բարձր պաշտոններում։
2003-2005 թվականներին Մնացականյանն ուսանել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում։ 2005 թվականին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, իսկ 2007 թվականին՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ։
2012-2015 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար և Պաշտպանության բանակի հրամանատար։
Մնացականյանին շնորհվել է գեներալ-մայորի, ապա գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Նա պարգևատրվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն ռազմական պարգևներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով։
2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Մնացականյանը հայտարարել է, որ պատերազմը ցույց է տվել՝ հայկական կողմի սպառազինությունն ու զորքերի պատրաստվածությունը թույլ են տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները։
2023 թվականի սեպտեմբերի 29-ին, Արցախից Հայաստան անցնելու ճանապարհին, Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Լևոն Մնացականյանին և տեղափոխել Բաքվի բանտ։ Նրա նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել։
Մնացականյանին Ադրբեջանը մեղադրում է իբր 2002 թվականին Վարանդայի գյուղերից մեկում ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու համար։ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Ադրբեջանի դատարանը, սակայն, նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։