ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին, իրազեկման հանդիպում Եղեգնաձորում

2026թ․ օգոստոսին Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ 

Հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները։

Նրա խոսքով՝ COP17-ը կանցկացվի երկու հիմնական հարթակներում՝ Կապույտ և Կանաչ գոտիներում։ Կապույտ գոտում պետական պատվիրակությունները կանցկացնեն պաշտոնական բանակցություններ և կընդունեն որոշումներ, իսկ Կանաչ գոտին նախատեսված է ավելի լայն հանրային մասնակցության համար։

Այստեղ հնարավորություն կունենան հանդիպելու քաղաքացիական հասարակության, բիզնեսի, գիտական համայնքի, երիտասարդների, կանանց և այլ խմբերի ներկայացուցիչներ՝ կազմակերպելով միջոցառումներ, ներկայացնելով իրենց փորձն ու խնդիրները և ձևավորելով համագործակցություններ։

2022թ․ COP15-ի շրջանակում ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Փաստաթղթի հիմնական նպատակներից է մինչև 2030թ․ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և քայլեր ձեռնարկել դրա վերականգնման ուղղությամբ։ COP17-ի ընթացքում նախատեսվում է գնահատել, թե երկրներն ինչ առաջընթաց են արձանագրել գլոբալ շրջանակի թիրախների իրականացման ուղղությամբ։ Այդ նպատակով երկրները Կոնվենցիայի քարտուղարություն են ներկայացրել ազգային զեկույցներ, որոնց հիման վրա կիրականացվի գլոբալ վերանայումը։ Նախնական տվյալներով՝ Երևանում նախատեսվում է քննարկել 51 փաստաթուղթ։

Կունմին-Մոնրեալի շրջանակի առանցքային թիրախներից մեկը մինչև 2030թ․ Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանումն է։ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ այդ մոտեցումը վերաբերում է նաև առանձին երկրներին, սակայն Հայաստանն իր ազգային ծրագրում սահմանել է այլ ցուցանիշ։

2026թ․ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագիրը, որն ունի 5 նպատակ և 30 թիրախ։ Դրանք բխում են Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախներից և վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների ապահովմանը։

Հայաստանի ազգային ծրագրով մինչև 2030թ․ նախատեսվում է պահպանվող տարածքների մասնաբաժինը հասցնել երկրի տարածքի 20 տոկոսին։ Այս թիրախին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերը, ինչպես նաև Դիլիջան կենսոլորտային տարածքը։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ ազգային ծրագրի 30 թիրախներից առնվազն 20-ը վերաբերելի են Եղեգնաձոր համայնքին։

Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց համայնքների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանության գործընթացներին։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում համայնքը դիտարկվում է ոչ միայն որպես բնական ռեսուրսների օգտագործող, այլև որպես դրանց պահպանության մասնակից, ավանդական գիտելիքի կրող և բնապահպանական որոշումների կայացման գործընթացի կողմ։

Նրա խոսքով՝ համայնքների մասնակցությունը կարևոր է նաև բնապահպանական կրթության և հանրային վերահսկողության ապահովման տեսանկյունից։

Եղեգնաձորի տարածաշրջանը Հայաստանի հարավային հատվածի կարևորագույն էկոլոգիական միջանցքներից է։ Այն ապահովում է կենդանիների տեղաշարժը երկրի կենտրոնական և հարավային լեռնային էկոհամակարգերի միջև՝ միացնելով կենսաբազմազանության մի շարք առանցքային տարածքներ, այդ թվում՝ Ջերմուկ ջրաբանական արգելավայրի շրջակայքը, Խոսրովի անտառ պետական արգելոցի հարավային հատվածները և Զանգեզուր կենսոլորտային համալիրը։

Տարածաշրջանում հանդիպում են բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, վայրի խոզ, գայլ, աղվես, գորշ արջ և նապաստակներ։ Թռչնատեսակներից հանդիպում են լորը, քարակաքավը, անգղը և արծիվը, այդ թվում՝ բերկուտը։ Ձկներից տարածված են կարմրախայտը, բեղլուն և կողակը։

Տարածաշրջանին բնորոշ են նաև կիսաանապատային, մամռածածկ և բարձր լեռնային լճակների ու գոտիների էկոհամակարգերը, որոնք նպաստում են տարատեսակ կենսամիջավայրերի ձևավորմանը։

Վիկտորյա Բուռնազյանը անդրադարձավ նաև Վայոց ձորի մարզի Թեքսարի տարածքին։ Թեքսարի տարածքում, որտեղ գտնվում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրը։

«EU4Environment» ծրագրի շրջանակում առաջարկվում է Թեքսար AM0000029 Էմերալդ թեկնածու տարածքը՝ 11 381,29 հա մակերեսով։ Տարածքում առանձնացվել է 16 թիրախ կենսամիջավայր, ինչպես նաև մեկ բուսատեսակ՝ ռուսական իժախոտը (Echium russicum), 31 թռչնատեսակ և 11 կաթնասունների տեսակ, որոնց պահպանությունն առաջարկվում է ապահովել տարածքի շրջանակում։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:47

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *