Գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեիպաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: 

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին,  հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում  վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:

Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեիպաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։

Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։

Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *