ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 14 /ԱՌԿԱ/. Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։
Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – September 2026 ամփոփագրում։
«Հուլիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 40%-ով (տարեկան կտրվածքով)՝ ցածր բազայից, հիմնականում Ռուսաստանից միջոցների շարունակվող ներհոսքի (աճը՝ 37,3% տ.կ.), ինչպես նաև Հայաստան ռուսաստանցիների պահպանվող ներհոսքի շնորհիվ», – նշվում է հետազոտության մեջ։
ՀԲ վերլուծաբանները նշում են, որ այս զգալի մուտքերը նպաստել են դրամի ամրապնդմանը. օգոստոսին հայկական դրամն ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 0,4%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, և եվրոյի նկատմամբ 1,1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, ինչպես նաև 4,6%-ով ավելի կայուն է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 2025 թ.-ի օգոստոսի համեմատ, թեև ռուսական ռուբլու նկատմամբ այն թուլացել է 8,6%-ով տարեկան կտրվածքով։
ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված՝ ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստանում 2026 թ.-ի հունվար-հուլիսին կազմել է 1,56 մլրդ դոլար՝ 2025 թ.-ի հունվար-հուլիսի 716,6 մլն դոլարի դիմաց։ Ընդ որում, միայն հուլիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 179,1 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի 129 մլն դոլարի դիմաց։