
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական վանդալները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Սա, բնականաբար, հստակ մշակված պետական ծրագրի բաղադրիչ է, որը Ադրբեջանն իրականացնում է համակարգված և նպատակային տակտիկայով։
Ավելին, այս փաստն առավել քան հատկանշական և ուղենշային է, քանի որ վանդալիզմի այս դրսևորումը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ։ Սա հերթական անգամ բացահայտում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և նրա իրական դիմագիծը՝ ցույց տալով, թե ինչ արժեհամակարգի կրող է այդ պետությունը։
Վանդալը մնում է վանդալ՝ լինի դա 10-րդ, թե 21-րդ դարում, իսկ ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներին մենք վերջին տարիների ընթացքում հանդիպել ենք բազմիցս․ Շուշիի Կանաչ ժամի պայթեցումն ու Բերձորի եկեղեցու ոչնչացումը դրա վառ օրինակներն են։
Եթե տեղի ունեցածը դիտարկում ենք Փաշինյանի «խաղաղասիրական» թեզերի և Ադրբեջանի հետ «հավիտյան հաշտության» օրակարգի համատեքստում, ապա ամբողջովին փլուզվում է այդ քաղաքական գծի բլեֆը։ Ակնհայտ է, որ Ալիևը բնավ որևէ մտադրություն չունի հրաժարվելու իր պանթյուրքական օրակարգից և հետևողականորեն շարունակելու է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ջնջել հայկական հետքը։
Փաշինյան–Ալիև քաղաքական դուետը, գործնականում, ցուցաբերում է սիմետրիկ վարքագիծ, ու նրանց գործողություններում հաճախ նկատում ենք խաչվող դրվագներ։ Սա հատկապես տեսանելի է եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մեջ, որտեղ երկու կողմերի քայլերը, տարբեր ձևակերպումներով, տանում են նույն արդյունքին՝ այդ ինստիտուտի թուլացմանն ու կազմաքանդմանը։
Ըստ էության՝ տեղի ունեցածը ոչ թե մշակութային վանդալիզմի հերթական դրվագ է, այլ հետևողականորեն իրականացվող պետական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն նյութական ժառանգության ոչնչացումն է, այլև պատմության վերաշարադրումը և հայկական ինքնության հետքերի ջնջումը Արցախում։
Ի դեպ, ավելի անտանելի ու ողբերգական է այն, որ այս գործընթացը զուգահեռվում է ՀՀ ներսում տարածվող «խաղաղության դարաշրջանի» քարոզչական թեզերով, զրո արձագանք ադրբեջանական վայրագություններին։ Չնայած, Փաշինյանի կողմից առաջ քաշած այն միտքը, թե ինքը «փակել է Ղարաբաղյան շարժման էջը»՝ ամբողջովին կանաչ լույս է Ալիևին՝ Արցախում անել մտքով անցածը»։