Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս շուտ․ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Հարցին, թե եթե երկու կողմերն էլ հայտարարում են խաղաղության մասին, ապա ինչն է խոչընդոտում պայմանագրի ստորագրմանը, Ալեքսանյանը պատասխանել է, որ գործընթացը հեշտ չէ և արագ չի լինելու։
«Շատ-շատ դժվար պրոցես է։ Այս պրոցեսը հեշտ չի լինելու, հեշտ չի եղել մինչև այս ու հեշտ չի լինելու։ Բայց մեզ համար գերկարևոր պայմանն այն է, որ այլևս մենք առավոտները վեր չկենանք ու չկարդանք, որ սահմանից զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից»,- ասել է նա։
Ալեքսանյանը նաև անդրադարձել է խաղաղությունը «խնամելու» մասին շրջանառվող թեզերին։ Նրա խոսքով՝ իշխանությունը խաղաղության գործընթացի հարցում ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան ընդդիմությունը։
«Մեր քաղաքական գաղափարախոսությունը խաղաղությունն է, և մենք անկեղծորեն ձգտում ենք խաղաղության։ Մեր ասածների կշիռը ավելի մեծ է արտաքին քաղաքական տեսանկյունից»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են նաև քայլեր, որոնք գնահատվել են ադրբեջանական կողմի կողմից։ Որպես օրինակ նա հիշատակել է գերիների վերադարձի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ նման գործընթացների մասին հանրային դաշտում խոսելիս պետք է հաշվի առնել դրանց հնարավոր քաղաքական հետևանքները։
Ալեքսանյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ իշխանությունը հույս ունի, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ։
Ալեքսանյանը խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի մասին։ Նրա գնահատմամբ՝ թեման պետք է հնարավորինս քիչ քննարկվի հանրային դաշտում։
«Հանրային քննարկման տեսանկյունից գերիների հարցը պետք է փակել, դնել դարակում, բայց հարցը միշտ մեր սեղաններին է ու մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է»,- ասել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ գերիների հարցի վերաբերյալ հանրային քննարկումները կարող են ոչ թե օգնել, այլ վնասել գործընթացին։
Անդրադառնալով Բաքվի բանտից հայերի տարածվող ուղերձներին՝ նա նշել է, որ դրանք չպետք է դառնան հանրային քննարկման առարկա։
«Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են, միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը։