Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է


Սպորտ


Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է և նախապատրաստվում է Եվրոպա լիգայի լիգայի փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը։ Չեխական լրատվամիջոցներն անդրադարձել են թիմի երևանյան այցին, առկա կադրային խնդիրներին և նախորդ մրցաշրջանի հուշերին։


Բրիան Պրիսկեի գլխավորած թիմը որոշել է փոխել իր սովորական գրաֆիկը և Երևան է ժամանել նախատեսվածից շուտ՝ երկուշաբթի։ Որոշման պատճառը լոգիստիկ է. ավելի քան երեք ժամ տևած թռիչքից հետո մարզչական շտաբը նախընտրել է ֆուտբոլիստներին լիարժեք հանգստի և տեղանքին ադապտացվելու հնարավորություն տալ նախքան կարևոր մրցավեճը։


Չեխական պատվիրակությունը Հայաստան է ժամանել առանց մի քանի առանցքային խաղացողների։ Բացակայողների թվում է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնից» տեղափոխված աջ պաշտպան Կի-Յանա Հուվերը։ Սպասվում էր, որ նա կլինի հիմնական կազմում, սակայն «Հրադեց-Կրալովեի» դեմ խաղում ֆուտբոլիստը գերբեռնվածություն և կոնքի շրջանում մկանային խնդիր է ստացել։

«Տևական դադարից հետո դա նրա առաջին խաղն էր, ինչը մեծ ծանրաբեռնվածություն էր առաջացրել», — նշել է Պրիսկեն։

Թիմին չի օգնի նաև կենտրոնական պաշտպան Ադամ Շևինսկին, որը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ֆրանսիական «Լիոնի» դեմ պատասխան խաղում կարմիր քարտ էր ստացել և այժմ որակազրկված է։ Երևանյան խաղը բաց կթողնեն նաև վնասվածքներ ունեցող մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում են Էմանուել Ուչենան, Մագնուս Կոֆոդ Անդերսենը, Յակուբ Մարտինեցը, Սիվերտ Մանսվերկը և Օնդրժեյ Պենքսան։

Չեխական պարբերականները հիշեցնում են անցյալ ամառ կայացած դիմակայությունը, երբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում պրահացիները հաղթահարեցին «Արարատ-Արմենիայի» արգելքը՝ հաղթելով 4:1 և 2:1 հաշիվներով:

«Նախորդ անգամ մրցակիցը մեզ լավ փորձության ենթարկեց: Նրանք լավ մարզիչ ունեն, դարձել են տեղական առաջնության հաղթող, ինչը նշանակում է, որ մեզ կրկին հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Նրանք շատ համառ թիմ են», — ընդգծել է Բրիան Պրիսկեն՝ հարգանքով խոսելով հայկական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի մասին։

Չեխական մամուլն ուշադրություն է հրավիրել նաև մարզադաշտի փոփոխության վրա։ Նախորդ տարի խաղն անցկացվել էր Երևանի մարզաբազաներից մեկում, քանի որ գլխավոր մարզադաշտի խոտածածկը Ջենիֆեր Լոպեսի համերգային ծրագրի պատճառով պատշաճ վիճակում չէր։ Այս անգամ հանդիպումը կկայանա գլխավոր արենայում, ինչը, պրահացիների կարծիքով, դրական կանդրադառնա խաղի որակի վրա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *