Ապրիլյան ընտրական երկրաշարժը Բուդապեշտում բարձր արձագանք գտավ ամբողջ Կովկասում։ «Ցնցումները» զգացվեցին գրեթե միաժամանակ Թբիլիսիում, Երևանում և Բաքվում։ Հարավային Կովկասի արդեն փխրուն աշխարհաքաղաքական ճարտարապետությունը փլուզման վտանգի տակ է. գրում է «Независимая газета»-ն։
Ինչպես նշվում է, Հունգարիայի արդեն նախկին ղեկավար Օրբանը երբեք Հայաստանի բարեկամը չի եղել և համարվել է ադրբեջանամետ առաջնորդ։ Հայ-հունգարական հարաբերությունների ճգնաժամը սկսվել է դեռևս 2012 թվականին, երբ Հունգարիան Բաքվին արտահանձնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։ Նա նախկինում հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար։ Իր հայրենիքում Սաֆարովն արդարացվել է, ազատ արձակվել և հռչակվել ազգային հերոս։ Արդյունքում՝ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք վերականգնվել են 10 տարի անց։
Հարաբերությունների փոփոխությունը նկատելի է եղել միայն 2021 թվականին, երբ 5 հայ ռազմագերիներ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ վերադարձան Ադրբեջանից, իսկ Բուդապեշտը Երևանին տրամադրեց COVID-19 պատվաստանյութի 100․000 դեղաչափ։ Չնայած այս կարգավորմանը՝ 2024 թվականին հենց Օրբանն էր, որ արգելափակեց ԵՄ ռազմական օգնությունը Հայաստանին, ինչը դեր խաղաց արցախյան հարցի՝ Բաքվի օգտին լուծման գործում։
Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը դեռևս չի շնորհավորել Պետեր Մաջյարին Հունգարիայի ընտրություններում հաղթելու համար, պաշտոնական Բաքուն լռում է։ Վերջին տարիներին Ադրբեջանը սերտորեն կապված է եղել Հունգարիայի հետ ոչ այնքան ԵՄ-ի, որքան Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով. Ադրբեջանը մշտական անդամ է, մինչդեռ Հունգարիան՝ Օրբանի օրոք, դարձել է դիտորդ։
Օրբանն իր երկիրը դիրքավորել է որպես կամուրջ ԵՄ-ի և թյուրքական աշխարհի միջև, և նոր հունգարացի առաջնորդ Պետեր Մաջյարը, հավանաբար, չի հրաժարվի այս մոտեցումից։ Ավելին, Հունգարիան չափազանց կախված է արտաքին էներգիայի աղբյուրներից, մասնավորապես՝ ղազախական KMG ընկերության կողմից մատակարարվող նավթից։