Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստ է հանդիպել Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ։
«Մենք ուրախ կլինենք հանդիպել։ Կընդունենք հրավերը, կհանդիպենք և կքննարկենք։ Ինչ վերաբերում է ձևաչափերին, ամենակարևորը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք։ Կարևոր է նաև արցախահայության բնակարանային հարցը։ Այս պահին մարդիկ խնդիր ունեն․ բնակարանների գները բարձրացել են, և պետական աջակցության տրամադրվող գումարներով շատերը չեն կարողանում տուն գնել»,- լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ արցախահայության առջև ծառացած խնդիրներից է նաև զանգվածային գործազրկությունը։ Կարապետյանը կարևորել է նաև արցախահայության համար միասնական կազմակերպության և մշակութային կենտրոնի ստեղծումը։
«Կարծում եմ՝ արցախահայությունը պետք է ունենա մեկ մեծ կազմակերպություն, որը նաև մշակութային առումով կպահպանի այդ միասնությունը։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը կկարողանա պահպանել և օգտագործել լեզուն։ Իհարկե, գերնպատակը անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է ունենանք նաև մշակութային կենտրոն, և արցախահայերը պետք է կապը միմյանց հետ պահեն։ Արցախցիները հայության ամենակազմակերպված հատվածներից մեկն են»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի իշխանությունները քաղաքական խորհրդակցություններ են սկսել ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։
Քննարկումների նպատակն է հստակեցնել Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և Արցախի իշխանությունների հետագա գործունեության վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները։