Գնանք Բաքու և հանդիպենք գերիներին․ Աղվան Վարդանյանի առաջարկը՝ ԱԺ նախագահին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում առաջարկել է պատգամավորական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու՝ այնտեղ պահվող հայ գերիներին հանդիպելու, նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին ծանոթանալու, նաև նրանց դատավճիռներին ծանոթանալու նպատակով։

Վարդանյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, նաև առնվազն 11 ՀՀ քաղաքացիներ արդեն երեք տարի գտնվում են Ադրբեջանում՝ բանտարկված վիճակում։

« Նրանց դատում են՝ միջազգային բոլոր նորմերի ոտնահարմամբ։ Իրականում այդ դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»,- ասել է պատգամավորը։

Վարդանյանը քննադատել է իշխանության մոտեցումը՝ նշելով, որ երեք տարին բավարար է ցույց տալու համար, որ հայ գերիների ազատության հարցում արդյունավետ արդյունք չի արձանագրվել։

Վարդանյանը նաև նշել է, որ գերիները զրկված են անգամ իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, իսկ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի գրասենյակը։ Պատգամավորը նաև խոսել է խոշտանգումների և բռնաճնշումների վերաբերյալ տեղեկությունների մասին։

«Նրանց ազատության մասին խոսում են Միացյալ Նահանգների Կոնգրեսում և այլ խորհրդարաններում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի անարժան անդամներս։ Ոչինչ»,- հայտարարել է նա։

Վարդանյանը Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է ձևավորել միջխմբակցական պատվիրակություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հինգ, «Ուժեղ Հայաստանից»՝ երեք, իսկ «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավորի մասնակցությամբ։ Պատվիրակությունը պետք է մեկնի Բաքու և հանդիպի այնտեղ պահվող բոլոր հայ գերիներին, ծանոթանա նրանց պահման պայմաններին ու առողջական վիճակին, ինչպես նաև ձեռք բերի նրանց դատավճիռները։

Պատգամավորն առաջարկել է նաև հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի և Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանների հետ։

Վարդանյանը նշել է, որ պատվիրակությունը կարող է ղեկավարել Ռուբինյանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ աշխատանքի նրա փորձը։

«Մենք կատարենք մեր պարտքը, անենք այն, ինչ ճիշտ է ու պատասխանատու»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *