Պրահայի «Սպարտան» իր պաշտոնական կայքում հատուկ ճամփորդական ակնարկ է հրապարակել Երևանի մասին


Պրահայի «Սպարտան», որն արդեն ժամանել է Հայաստան, իր պաշտոնական կայքում հատուկ ճամփորդական ակնարկ է հրապարակել Երևանի մասին: Չեխական ակումբի մամուլի ծառայությունը նոր խորագրի առաջին թողարկումը նվիրել է մեր մայրաքաղաքին՝ յուրովի ներկայացնելով քաղաքի պատմությունը, ֆուտբոլային անցյալն ու մշակութային կոլորիտը:

Թռիչքի և եղանակի մասին 


Հոդվածի հեղինակները նախ հիշել են նախորդ տարվա իրենց այցը Հայաստան և համեմատել թռիչքները. «Երեք ժամն անցավ ջրի պես։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ էր նախորդ տարվա վայրէջքը, երբ ինքնաթիռն աստիճանաբար իջնում էր այնպես, կարծես հողը ոտքերիդ տակից փախչեր: Մաքուր խղճով կարող ենք ասել, որ դա վերջին տարիների մեր ամենավատ վայրէջքներից մեկն էր: Բայց այս անգամ, բարեբախտաբար, ամեն ինչ անցավ հարթ: Օդերևութաբանները կրկին արևոտ եղանակ են խոստանում մեր ողջ ուղևորության ընթացքում»:

«Հրազդան» մարզադաշտն ու Արարատ-73-ը

Չեխական պատվիրակությունն առանձնահատուկ հիացմունքով է խոսել «Հրազդան» մարզադաշտի մասին։ Հոդվածում նշվում է, որ նախորդ տարի թիմը խաղացել է ավելի փոքր մարզադաշտում, քանի որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Հանրապետական մարզադաշտի խոտածածկը պատշաճ վիճակում չէր, իսկ այս անգամ խաղալու են գլխավոր արենայում։ Սակայն հեղինակների ուշադրությունը գրավել է մեկ այլ՝ լեգենդար կառույց. «Կա ևս մեկ մարզադաշտ, որն արժանի է հիշատակման։ Բավական է շրջանցել հայկական կոնյակի գործարանը, և ձեր առջև կվեր խոյանան «Հրազդանի» հսկայական լուսարձակները: Այն այնքան տպավորիչ է, որ հիացնում է նույնիսկ դրսից: Այս տրիբունաները հիշում են հայկական ակումբային ֆուտբոլի ամենափառահեղ ժամանակաշրջանը։ 1973-ին Երևանի «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ շրջանցելով Կիևի «Դինամոյին»: Իսկ 1975-ի մարտին 70 հազար հանդիսականներ այստեղ առաջ մղեցին իրենց թիմին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (Բեկենբաուերի, Մյուլերի և Հյոնեսի մասնակցությամբ)։ Նրանք գոլ խփեցին, թեև հաջորդ փուլ դուրս չեկան»։

Չեխերը չեն մոռացել անդրադառնալ նաև հայկական ֆուտբոլի նորագույն պատմությանը՝ հիշատակելով Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» վերջին հաջողությունները։


Ողբերգություն և հիշողություն

«Սպարտայի» անդրադարձում մեծ տեղ է հատկացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. «Անցնելով բարձր քարե բլոկների միջով՝ հայտնվում ես փակ տարածությունում, որի մթնոլորտը հիշեցնում է Բեռլինի Հոլոքոստի զոհերի հուշարձանը։ Այստեղ զգում ես նույն ճնշող պահը… Սա մշտական հիշեցում է այն ողբերգության մասին, որի միջով անցել է այս ազգը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մոտ 1,5 միլիոն հայ զոհվեց»։

Հեղինակները պատմել են նաև Հաղթանակի զբոսայգու և Ստալինի արձանը փոխարինած «Մայր Հայաստան» հուշարձանի մասին՝ զուգահեռներ տանելով Պրահայում տեղի ունեցած նմանատիպ պատմական իրադարձությունների հետ։

Երևանյան կոլորիտ և կովկասյան խոհանոց


Մշակութային հատվածում կայքը խորհուրդ է տվել իր երկրպագուներին այցելել Կասկադ, Օպերայի և բալետի թատրոն, Հանրապետության հրապարակ, Կապույտ մզկիթ և Վերնիսաժ։ Իսկ առանձին բաժնով անդրադարձել է տեղական խոհանոցին. «Նախքան ճամփորդությունը, մենք հիշում էինք նախորդ տարվա մեր այցելած վայրերն ու ուղղակի թքարտադրություն էր սկսվում։ Խորհուրդ ենք տալիս համտեսել կովկասյան խոհանոցը՝ մասնավորապես հարիսան, որը հայկական ազգային ուտեստ է և ստացվում է ցորենի ու մսի երկար եփման արդյունքում։ Շատ համեղ է նաև տոլման, խինկալին ու լահմաջոն։ Իսկ տեղական սուրճն ուղղակի հիանալի է»։

Հոդվածը եզրափակվում է ֆուտբոլային կոչով. «Զգույշ եղեք, որ ռեստորաններում չմոռանաք ժամանակի մասին։ Չորեքշաբթի երեկոյան բոլորս պետք է լինենք Հանրապետական մարզադաշտում. Let’s go, Sparta!»։

armsport.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *