ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա:
«Մեր փոխարժեքն արժևորվել է, բայց արժևորումը բավականին չափավոր է եղել: Չնայած նրան, որ մեզ մոտ նկատվում է կապիտալի հսկայական ներհոսք, այդ կապիտալի ներհոսքի մեծ մասն հիմնականում իր արտացոլումն է գտնում մեր պահուստներում և այդքան զգալի ազդեցություն չի ունենում շուկայի վրա»,- պարզաբանեց Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում չի գործում այն կանոնը, ըստ որի՝ ազգային արժույթի արժևորման դեպքում արտերկրից ներմուծվող ապրանքների գները պետք է նվազեն:
Նրա խոսքով՝ պարենային ապրանքների հիմնական խմբերի գների համաշխարհային ինդեքսը՝ FAO–ն, տարեբկզբից աճել է 6,1%-ով: «Ես նույնիսկ չեմ խոսում էներգակիրների մասին: Այսօր Brent տեսակի նավթի գինն արդեն կազմում է 107 դոլար մեկ բարելի դիմաց»,- հավելեց նա։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թվականի օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 4,4% գնաճ: Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ավելացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ):
Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – September 2026» ամփոփագրի համաձայն՝ օգոստոսին հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0,4%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1,1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, և 4,6%-ով ավելի ամուր է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ, թեև ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 8,6%-ով տարեկան կտրվածքով: