Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։
Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։