Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ քննադատության է ենթարկել Եվրոպական խորհրդարանին՝ այն անվանելով «կոռուպցիոներների որջ»։
«Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ․ Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է», — երեքշաբթի հայտարարել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ԹՊԿ-ի մահմեդական կրոնական վարչությունների ղեկավարների խորհրդի անդամներին և դիտորդներին։
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներից մեկի՝ Հունաստանի ներկայացուցչի տանը (խոսքը Եվա Կայիլիի մասին է, որը 2022 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքով – խմբ․ ) «առգրավվել են միլիոնավոր դոլարներով ճամպրուկներ, սակայն այդ ամենը կոծկվել է»։
Ալիևը ընդգծել է, որ որքան Ադրբեջանն «ուժեղանում է և ամբողջությամբ օգտագործում իր ներուժը», այնքան Արևմուտքում կրկին հանրապետության դեմ «կեղտոտ» մեդիաքարոզարշավ է սկսվում։
«Մեզ վարկաբեկում են, Ադրբեջանի մասին ամեն օր հրապարակվում են ստերով, զրպարտություններով և կեղծ մեղադրանքներով լի հոդվածներ», — նշել է պետության ղեկավարը։
Նա նաև պնդել է, թե իսլամական աշխարհի դեմ չհայտարարված պատերազմ է տարվում։
«Իսլամական աշխարհի վարկաբեկումը, ահաբեկչության հետ նույնականացումը, մեր արժեքների, սուրբ Ղուրանի դեմ ուղղված վիրավորական գործողությունները․ մի՞թե կարծում եք, որ այս ամենը պատահական է տեղի ունենում։ Ո՛չ։ Սա նպատակաուղղված քաղաքականություն է։ Իսկ մենք ի՞նչ պետք է հակադրենք դրան։ Միայն մեր միասնությունը», — ընդգծել է ն։