Մոսկվայի Օստանկինոյի դատարանում սեպտեմբերի 14-ին սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, հայտնում է «Կոմերսանտը»։
Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների ապօրինի փոխանցման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ։
Երկուսն էլ, ըստ առկա տվյալների, գտնվում են Հայաստանում, ուստի դատավարությունն ընթանում է հեռակա կարգով։
Ղազարյանի և Սարուխանյանի նկատմամբ քրեական գործը Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածով՝ 2015-2018 թվականներին գործարարները Ռուսաստան մրգաբանջարեղենային արտադրանքի մատակարարման պայմանագրերն օգտագործել են երկրից շուրջ 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու համար։
Քննությունը պնդում է, որ Ռուսաստան փաստացի ներմուծված բանջարեղենի և մրգերի ծավալը կազմել է կնքված պայմանագրերի արժեքի ընդամենը մոտ 2 տոկոսը։ Իրավապահների պնդմամբ՝ այդ գործարքներից հարկեր չեն վճարվել։
Քննության տվյալներով՝ Ռուսաստանից դուրս բերված գումարները հետագայում, ենթադրաբար, ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում։ Այդ գործողությունները որակվել են որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում։
Մեղադրյալների գործողությունները որակվել են ՌԴ քրեական օրենսգրքի 199, 193.1 և 174.1 հոդվածներով։