Մարզերից Երևան եկող մեր հայրենակիցները կանգնելու են փաստի առաջ․ Հայաստանի իշխանությունը որոշել է, որ նրանք այլևս հասարակական տրանսպորտով Երևան հասնել չեն կարող․ ավտոբուսները պարտավոր են կանգնել մարզային տրանսպորտի համար նախատեսված կայանատեղերում, որտեղից էլ հավելյալ վճարելով քաղաքացին կարող է մտնել Երևան։ Արդյունքը՝ հազարավոր ուսանողներ ու մարզերից Երևան աշխատանքի շտապող քաղաքացիներ ստիպված են լինելու հասնել քաղաքի մուտքի մոտակա ավտոկայան, իջնել, նորից տոմս գնել ու նոր նստել քաղաքային տրանսպորտ։
Armat Media-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամ Արմենակ Դանիելյանն ասում է՝ քաղաքապետարանի՝ ուղևորահոսքի ռեկորդային աճի մասին զեկույցները հեռու են իրականությունից։
«Հայաստանում մարդկանց ներհոսքի պատճառով ուղևորահոսքը բազմապատկվել է, սակայն քաղաքապետարանը, շարժակազմն ավելացնելու փոխարեն, փորձում է մարզային տրանսպորտի հաշվին լցնել պետական բյուջեն»– ասում է Դանիելյանը։
Խնդիրը միայն ավտոբուսները չեն․ Երևանն ամեն օր խեղդվում է կաթվածահար խցանումների մեջ։ Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ խցանումները բեռնաթափելու համար հարկավոր են ոչ թե տուգանքներ ու կարմիր գծեր, այլ ենթակառուցվածքային փոփոխություններ: Մինչ քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքացիների համար նոր խոչընդոտներ ստեղծելով, երևանցիներն ու մարզերի բնակիչները ստիպված են վճարել կրկնակի՝ կորցնելով գումար, նյարդեր ու թանկարժեք ժամանակ:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ