ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ստուգում են նախաձեռնել Կրեմլին մոտ կանգնած գործարար Ումար Կրեմլյովի կողմից Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքի հետ կապված միջոցառումներին ենթադրյալ ֆինանսական մասնակցության վերաբերյալ։
Ինչպես գրում է Axios-ը, այս հարցով զբաղվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ռոբերտ Գարսիան։ Նա նամակ է հղել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսին՝ պահանջելով տրամադրել ԱՄՆ նախագահի որդուն և Կրեմլյովին վերաբերող բոլոր «փաստաթղթերը, գրառումներն ու նամակագրությունը», այդ թվում՝ վերջինիս՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի վերաբերյալ ցանկացած նախազգուշացում։
Նամակում Գարսիան հարցնում է՝ արդյոք Թրամփ կրտսերին հասանելիություն տրված է գաղտնի տեղեկատվությանը, արդյոք նա Սպիտակ տանը հայտնել է Կրեմլյովի հետ իր կապերի մասին, և արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի՝ որդու հարսանիքին չմասնակցելը կապված է օլիգարխի մասնակցության հետ։
«Արտերկրից հնարավոր ցանկացած միջամտություն արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության»,- գրել է Գարսիան։
Նա նաև դիմել է Թրամփ կրտսերին, որի ներկայացուցիչը նախկինում Կրեմլյովին անվանել էր ԱՄՆ նախագահի որդու ընկերը։ Կոնգրեսականը պահանջել է տրամադրել օտարերկրյա քաղաքացիների կողմից հարսանիքի համար կատարված բոլոր գնումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից կամ «ԱՄՆ-ի հակառակորդների հետ սերտ կապեր ունեցող անձանցից» ստացված նվերների վերաբերյալ գրառումները։