Ադրբեջանի նախագահը ծաղրում է այն եվրոպացիներին, որոնց զվարթ ծիծաղի ներքո նրա օգնական Հաջիեւը ցինիկորեն փորձում էր ծաղրել հայկական Արցախի պատմությունը։ Այս մասին գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Ալիեւը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Նա ասել է, թե դա հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, պետության ղեկավարը, որի օգնականի կատարմամբ եվրոպական պետությունների դեսպանները զվարճանում էին Արցախի էթնիկ զտման հետեւանքի եւ հայ ժողովրդի պատմության հանդեպ ծաղրի վրա, այդ նույն Եվրոպայի խորհրդարանը որակում է կոռուպցիոներների որջ։
Իհարկե Ալիեւը մի բան գիտե, որ ասում է, այն էլ ընդգծելով, որ ասում է ամենայն պատասխանատվությամբ։ Հարկ եղած դեպքում նա թերեւս կներկայացնի նաեւ ՀԴՄ կտրոնները, թե ում որքան է վճարել, ինչի համար, որտեղ, երբ։ Այնպես որ, Ալիեւը առաջադեմ եվրոչինովնիկների եւ բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով, ում հիմա շատ հանգիստ հայտարարում է, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։
Եվ կապ չունի, որ նա ասում է դա միայն Եվրախորհրդարանի մասին, որը այս տարիներին մի քանի տհաճ բանաձեւ է ընդունել Ադրբեջանի մասին, թեեւ չգիտես ինչու՝ դրանցից որեւէ մեկը պարտադիր կատարման ենթակա չի եղել Եվրահանձնաժողովի համար։ Ասելով, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է, Ալիեւն ըստ էության ասում է դա եվրոպական ամբողջ ինստիտուցիայի համար։ Բայց, այդ ինստիտուցիայից հազիվ թե որեւէ լուրջ ձայն դուրս գա, որովհետեւ հակառակի փոքր ռիսկ լինելու դեպքում անգամ դուրս չէր գա Ալիեւի ձայնը», – նշել է նա։