ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը հրապարակել է Իրանի հետ ռազմական հակամարտության հետեւանքների գնահատմանը նվիրված առաջին պաշտոնական զեկույցը։ Փաստաթղթում նշված է բարձր ճշգրտության զենքերի կրիտիկական պակասի մասին, ինչպես նաեւ ներկայացվում են Մերձավոր Արեւելքում ամերիկյան ավիացիային, ռազմակայաններին եւ դիվանագիտական օբյեկտներին հասցված վնասի մասշտաբների վերաբերյալ նախնական տվյալներ, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Գլխավոր տեսուչի հաշվարկի համաձայն՝ փետրվարի 28-ից հունիսի 30-ը Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վրա ծախսվել է մոտ 33,4 միլիարդ դոլար։
Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր լոգիստիկ բազան, որը գտնվում է Բահրեյնում, ենթարկվել է իրանական բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Արդյունքում՝ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ստիպված է եղել շտապ հիմնական մատակարարման ուղիները տեղափոխել զգալի հեռավորության վրա գտնվող այլընտրանքային օբյեկտներ, այդ թվում՝ Հնդկական օվկիանոսում Մեծ Բրիտանիայի հետ համատեղ օգտագործվող Դիեգո Գարսիա ռազմակայան։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է MQ-9 Reaper հետախուզական-հարվածային 30 անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ KC-135 յոթ լիցքավորող- օդանավ։