Փարիզի դատարանը Քիմ Քարդաշյանին 1 եվրոյի փոխհատուցում է տրամադրել՝ 2016 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում նրան զինված կողոպուտի ենթարկելու համար։ Քարդաշյանի փաստաբանը դատարանից որպես փոխհատուցում հենց 1 եվրո էր պահանջել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
2016 թվականի կողոպուտի գործով անցած տարի դատարանը մեղավոր էր ճանաչել ութ անձի, որոնք մասնակցել էին հանցագործությանը։
Քարդաշյանը դեպքը նախկինում անվանել էր իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկը։ Դատարանի որոշումից հետո նա և իր ոճաբան Սիմոն Հարուշը շնորհակալություն են հայտնել ֆրանսիական դատական համակարգին։
«Այդ փորձառությունը խորը տրավմատիկ էր, և դրա ազդեցությունը մենք մինչ օրս էլ զգում ենք։ Այսօրվա որոշումը ոչ թե փոխհատուցման, այլ պատասխանատվության և կատարվածի փաստի ճանաչման մասին է»,– նրանց հայտարարությունը մեջբերում է Associated Press-ը։