«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխություն՝ CBD COP17-ում

«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխություն՝ CBD COP17-ում

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) ընթացքում` Կանաչ գոտում հոկտեմբերի 23-ին կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը։ Իսկ հոկտեմբերի 27-ին հաղթողների մասնակցությամբ կանցկացվի թեմատիկ պանելային քննարկում։

Արդեն մեկնարկել է մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկման հայտերի ընդունումը։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն։

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում իրականացվող գործողություններում և լուծումներում։

Մրցանակաբաշխության առանցքային մոտեցումն է՝ «ճանաչումից դեպի լուծումների առաջմղում»։ Հաղթողները հնարավորություն կունենան COP17-ի շրջանակում ներկայացնելու իրենց փորձը, լուծումները և դրանց ընդլայնման ներուժը։

 Մրցանակաբաշխության  անվանակարգերն են․

  1. Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում
  2. Կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն
  3. Համայնքային գործողություններ և քաղաքականություն
  4. Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների հաղորդակցություն
  5. Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար
  6. Կլիմայական և բնապահպանական ֆինանսավորում ու նորարարական լուծումներ
  7. Երիտասարդները կլիմայական և բնապահպանական գործողություններում

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ՝ ներառյալ կիրառելի հարկերը։

Առաջին անգամ մրցույթն ունենալու է «Հատուկ ճանաչում» բաղադրիչ։ Հատուկ ճանաչումը կանանց կլիմայական և կենսաբազմազանության առաջնորդության աջակից տղամարդու համար է։

Հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլ կազմակերպության կամ կառույցի կողմից առաջադրմամբ։

  • Ինքնաառաջադրվել կարող են տարբեր ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք։
  • Թեկնածուն պետք է ունենա ներկայացվող լուծման մշակման, իրականացման, ղեկավարման կամ առաջմղման գործում հստակ և հիմնավորելի դերակատարում։
  • Թեկնածուներ կարող են առաջադրել պետական և տեղական կառավարման մարմինները, հասարակական և միջազգային կազմակերպությունները, գիտական ու կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտական միավորումները և այլ կառույցներ։
  • Կազմակերպությունը կարող է առաջադրել մեկից ավելի թեկնածու կամ լուծում, իսկ մեկ լուծումը կարող է ներկայացվել առավելագույնը երկու անվանակարգում, եթե համապատասխանում է երկու անվանակարգերի չափորոշիչներին։
  • Ինքնաառաջադրման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր։
  • Ընդունվում են վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված կամ շարունակվող այն լուծումները, որոնք արդեն ունեն ներկայացման և գնահատման ենթակա արդյունքներ։

Հատուկ ճանաչման համար տղամարդ թեկնածուն կարող է առաջադրվել կանանց, կազմակերպությունների, հաստատությունների կամ մասնագիտական գործընկերների կողմից։ Ինքնաառաջադրում չի ընդունվում։

 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. սեպտեմբերի 30-ը։

Հայտադիմումը՝ այստեղ։ 

Մասնակցության պայմաններ, անվանակարգեր և ժամանակացույց՝ այստեղ։ 

Մրցանակաբաշխության գործընկերներն են IDBank-ը, «ՕքսԵՋեն» հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ՄԱԿ Կանայք կառույցը։

Սեպտեմբեր 16, 2026 at 16:36

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *