ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով ԿԲ խորհրդի որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով մինչև 6,75% բարձրացնելու մասին։

Ընդ որում, նա ընդգծել էր, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը չի նշանակում բանկային տոկոսների անհապաղ աճ:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հետևողական բարձրացումը պետք է հանգեցնի նաև տոկոսադրույքների որոշակի նվազմանը: Բայց նաև չենք կարող չընդունել, որ զուգահեռաբար տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, որոնք հանգեցնում են գնաճային երևույթների։ Մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, իրավիճակը Հորմուզի նեղուցում: Ես նկատի ունեմ, որ տոկոսները պայմանավորված են ոչ միայն մեր գործոնով», – ասել է Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին վարկային բեռը զսպելու քայլերի վերաբերյալ։

 Վարչապետը հավելել է նաև, որ կառավարությունն աշխատանքային ձևաչափով պարբերաբար քննարկում է այս կամ այն հարցերը։

«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – ասել է նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,51%՝ հունիսի 13,18%-ի դիմաց:

Վարկանիշների մասին

2026 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները  «BB-» մակարդակում՝ «Դրական» կանխատեսմամբ։

Ընթացիկ տարվա հուլիսին Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները ազգային և արտարժույթով Ba3 մակարդակում։

 2026 թ.-ի օգոստոսին S&P Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները «BB-/B» մակարդակում՝ պահպանելով «դրական» կանխատեսումը։

Գնաճի մասին

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 4,4% գնաճ։

Հաշվետու ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ)։ Հայաստանի 2026 թ.-ի պետբյուջեում գնաճը սահմանված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանում գնաճն սպասվում է սցենարից (Ա-Բ) կախված՝ 4,5-4,2%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *