ԱՄՆ- ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը՝ կենտրոնական բանկը, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 3,5-3,75%-ից հասցնելով 3,75-4%-ի։ Մինչ այդ՝ երեք տարվա ընթացքում, տոկոսադրույքը 5,5%-ից նվազել էր։ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Քեւին Ուորշը այս բարձրացումը բացատրել է չափազանց բարձր գնաճի դեմ պայքարի հանգամանքով, հայտնում է BBC- ին։

«Ավելի քան հինգ տարի գնաճը բարձր է եղել թիրախային ցուցանիշներից։ Ակնհայտ է, որ գնաճը չափազանց բարձր է եւ չափազանց երկար ժամանակ է բարձր եղել։ Այս ամռանը գնաճի ցուցանիշների հիման վրա ես չեմ տեսնում, որ դրա հիմքում ընկած միտումները բարելավվել են»,- ճեպազրույցում ասել է Ուորշը։

Տոկոսադրույքը բարձրացնելու որոշման հետ մեկտեղ հրապարակվել է նաեւ պահուստային համակարգի կանխատեսումը։ Նշվում է, որ այս տարի տոկոսադրույքը եւս մեկ անգամ կբարձրացվի՝ մինչեւ 4- 4,25%, իսկ հաջորդ տարի, հավանաբար, եւս մեկ անգամ՝ մինչեւ 4,25- 4,5%։ Դրանից հետո, ԴՊՀ-ի ծրագրերի համաձայն, այն պետք է սկսի նվազել եւ 2029 թվականին հասնի 2% թիրախային ցուցանիշին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ հիմնական տոկոսադրույքը պետք է լինի 1% կամ ավելի ցածր։

«ԱՄՆ-ում տոկոսադրույքները պետք է լինեն 1% կամ ավելի ցածր, քանի որ մենք աշխարհում ամենալավ վարկային ռեսուրսն ենք՝ մեծ առավելությամբ։ Մեր երկիրը բարգավաճում է նոր ներդրումների շնորհիվ»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաեւ կրկնել է այն երկրների հետ առեւտուրը դադարեցնելու սպառնալիքը, որոնց հետ ԱՄՆ-ն առեւտրային դեֆիցիտ ունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *