Ապրել ինչպես Ռոքֆելլերը. աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը

1839 թվականի հուլիսի 8-ին ծնվել է ամերիկացի ձեռնարկատեր և Standard Oil-ի հիմնադիր Ջոն Ռոքֆելլերը, ոv դարձել է պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերը։ «Կոմերսանտ»-ը ներկայացրել է  այն ընտանիքի պատմությունը, որի անունը դարձել է հարստության հոմանիշ։

Նրա հայրը՝ Ուիլյամը, պաշտոնապես դեղամիջոցներ վաճառող շրջիկ առևտրական էր, թեև որոշ տվյալներ վկայում են, որ նա նաև ձիագող էր։ Ջոն Ռոքֆելլերն ավելի ուշ պատմել է, որ գործարարությամբ զբաղվելն իր դաստիարակության մի մասն է կազմել. յոթ տարեկանում տղան հարևաններին վաճառում էր իր իսկ աճեցրած հնդկահավերը և քույրերին վերավաճառում կոնֆետներ՝ հավելագնով, իսկ տասներեք տարեկանում ծանոթ ֆերմերին 50 դոլար էր տրամադրել պարտքով՝ տարեկան 7,5% տոկոսադրույքով։

16 տարեկանում Ջոն Ռոքֆելլերն ավարտեց հաշվապահական հաշվառման եռամսյա դասընթաց և աշխատանքի անցավ Քլիվլենդի «Hewitt & Tuttle» ընկերությունում. սա նրա կյանքում միակ դեպքն էր, երբ նա որպես վարձու աշխատող էր աշխատում։ Երկու տարի անց Ռոքֆելլերը դարձավ առևտրական Մորիս Քլարկի կրտսեր գործընկերը, որից հետագայում գնեց նրա բաժնեմասը նավթային բիզնեսում։ Ապա 1870 թվականին հիմնադրվեց «Standard Oil» ընկերությունը (նկարում պատկերված է Օհայոյում գտնվող նրա առաջին նավթավերամշակման գործարանը)՝ մի ընկերություն, որը զբաղվում էր նավթի արդյունահանմամբ, տեղափոխմամբ և վերամշակմամբ։

1864 թվականից Ջոն Ռոքֆելլերը ամուսնացած էր ուսուցչուհի Լաուրա Սելեստիա Սպելմանի հետ։ Զույգն ուներ չորս դուստր և մեկ որդի՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսերը (պատկերված է աջ կողմում), որը հետագայում շարունակեց հոր գործը։ Երեխաների մեջ աշխատանքի հանդեպ պատասխանատու վերաբերմունք սերմանելու նպատակով ավագ Ռոքֆելլերը տան ներսում ստեղծել էր շուկայական տնտեսության փոքրիկ մոդել. երեխաները մի քանի ցենտ էին վաստակում ճանճ սպանելու, մատիտ սրելու կամ երաժշտական ​​գործիք պարապելու դիմաց։

Նյու Յորքում «Ռոքֆելլեր կենտրոնի» շինհրապարակում աշխատող բանվորները, 1932 թ.։

«Standard Oil»-ը Ջոն Ռոքֆելլերին տարեկան 3 միլիոն դոլարի եկամուտ էր բերում, իսկ ձեռնարկատիրոջ անունը դարձավ հարստության հոմանիշ. նա տնօրինում էր երկաթուղային տասնվեց և պողպատաձուլական վեց ընկերություն, անշարժ գույքի ինը ֆիրմա, նավագնացային վեց ընկերություն և ինը բանկ։

Պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը շատ բարեկեցիկ կյանք էր վարում, սակայն երբեք չէր ցուցադրում իր հարստությունը։ Ձեռնարկատերը երազում էր հասնել հարյուր տարեկանի, սակայն 1937 թվականին՝ 97 տարեկան հասակում, մահացավ սրտի կաթվածից։

1901 թվականին Ջոն Դ. Ռոքֆելեր Կրտսերն ամուսնացավ ազդեցիկ սենատորի դստեր՝ Էբի Օլդրիչ Գրինի հետ. զույգի որդիներից մեկը (նրանք ընդհանուր առմամբ վեց երեխա ունեին)՝ Նելսոն Օլդրիչ Ռոքֆելերը, դարձավ ոչ միայն գործարար, այլև հաջողակ քաղաքական գործիչ։ 1959-1973 թվականներին նա (լուսանկարում՝ կենտրոնում) պաշտոնավարել է որպես Նյու Յորքի նահանգապետ, իսկ 1974 թվականին դարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահ։

Ջոն Դ. Ռոքֆելեր Ավագի չորրորդ որդին՝ Լոուրենսը (լուսանկարում), նույնպես հաջողակ կարիերա է ունեցել. նա հիմնադրել է «Ամերիկյան բնապահպանական ասոցիացիան» (American Conservation Association), զբաղեցրել է շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող պետական ​​պաշտոններ և ֆինանսավորել Բոյս Թոմփսոնի անվան բույսերի հետազոտման ինստիտուտը։ 94 տարի ապրած Լոուրենս Ռոքֆելերը ընդգրկված է եղել Forbes-ի միլիարդատերերի ցուցակի չորրորդ հարյուրյակում։

Ռոքֆելերների ընտանիքի անդամները Ջոն Դ. Ռոքֆելեր III-ի դիմանկարի կողքին՝ Նյու Յորքում «Ասիա» ընկերության նոր գլխամասային գրասենյակի բացման արարողության ժամանակ (1981 թ.)։

Ջոն Դ. Ռոքֆելեր III-ը՝ Ռոքֆելերների ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը, խոշոր բարեգործ էր, ով աջակցում էր Խաղաղօվկիանոսյան հարաբերությունների ինստիտուտին, «Ասիա» ընկերությանը (Asia Society) և այլ կազմակերպությունների։

Նյու Յորքում Ռոքֆելեր կենտրոնի (պատկերված է լուսանկարում) կառուցումն իրականացվել է 1931-ից 1939 թվականներին։ 1989 թվականին ճապոնական «Mitsubishi» կոնգլոմերատը Ռոքֆելերների ընտանիքից գնել է այդ կենտրոնը։ Նյու Յորքում գտնվող՝ այդ ընտանիքի հետ կապված մեկ այլ հայտնի շինություն է 102-հարկանի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ը։ Բացի այդ, Ջոն Դ. Ռոքֆելեր կրտսերը 9 միլիոն դոլար է նվիրաբերել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի կառուցմանը։

Աշխատակիցները գրքեր են տեղափոխում Նյու Յորքի Ռոքֆելեր համալսարանի նոր գրադարան (1929 թ.)։ Բուն համալսարանը հիմնադրվել է 1901 թվականին Ջոն Դ. Ռոքֆելեր Ավագի կողմից։

Մինչև 2017 թվականը հայտնի դինաստիան գլխավորում էր Դևիդ Ռոքֆելեր Ավագը՝ բանկիր և պետական ​​գործիչ, որը նաև հայտնի էր որպես գլոբալացման վաղ շրջանի ջատագովներից մեկը։ Նա կյանքից հեռացավ մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։

Ներկայումս «Rockefeller & Co.»-ի նախագահը Դեյվիդ Ռոքֆելեր Կրտսերն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *