Վաշինգտոնը պատժամիջոցների նոր փաթեթով թիրախ է դարձրել թուրքական և ռուսական բանկերը։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական ՎՏԲ-ի և Թուրքիայում գործող Golden Global Yatirim Bankasi-ի և նրա երկու դուստր ընկերությունների նկատմամբ՝ Չինաստանի և Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման միջև նավթային ստվերային եկամուտների փոխանցումը սպասարկելու մեղադրանքով։ Հաջորդիվ պատժամիջոցների հերթը հասավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դոլարային համակարգից կտրված՝ Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկին՝ ՎՏԲ-ին։ Մեղադրանքը նույնն է․ բանկն աջակցել է Իրանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում։ «Փակագիծ» վելուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով՝ հիմնականում թե՛ Թուրքիայում, թե՛ Ռուսաստանում և մի քանի այլ երկրներում կան բանկեր, որոնք, պայմանականորեն ասած, իրենց պետություններից ստացել են Իրանի հետ գործակցելու հնարավորություն։
«Պատճառն այն է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև ահռելի ֆինանսական շրջանառություն կա, և բնական է, որ այդ երկրների ֆինանսական կառույցները փորձում են այդ փոխանցումներից օգտվել և տնտեսական շահ ստանալ։ Այդ շրջանակում են նաև թուրքական բանկը և Ռուսաստանի ՎՏԲ-ն։ Վերջինս, օրինակ, հայտարարել է, որ իր նկատմամբ գործող սահմանափակումներն այժմ կիրառվում են նաև Իրանի հետ գործակցության համատեքստում։ Միաժամանակ պարզվել է, որ ՎՏԲ-ն Իրանում գրասենյակներ ունի և փորձում է ռուբլի–ռիալ հաշվարկներով փոխանցումներ իրականացնել»,- ABC Media–ի հետ զրույցում ասաց Հարութ Արթին Առաքելյանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թուրքական կողմն էլ փորձում է այնպես անել, որ իրանական ֆինանսական միջոցներն այլևս թուրքական բանկերի միջոցով ուղղակիորեն չփոխանցվեն Իրան։ Իսկ թուրքական բանկերում գտնվող իրանական ֆինանսական միջոցները հնարավոր լինի գործածել հիմնականում պարենային ապրանքներ ձեռք բերելու համար։
«Թուրքական կողմը փորձում է առավելագույն շահ ստանալ ստեղծված վիճակից՝ իրանական ֆինանսական միջոցները գործածելով հենց Թուրքիայից առևտուր իրականացնելու համար։ Միաժամանակ սահմանափակվում են դեպի Իրան ֆինանսական միջոցների փոխանցման կամ այլ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության գործարքներ իրականացնելու հնարավորությունները»,- ասաց Պողոսյանը։
Այս ֆոնին BRICS-ը փորձում է ստեղծել անկախ վճարային համակարգ։ Փորձագետի խոսքով՝ կազմակերպությունը փորձում է ստեղծել ներքին վճարային համակարգ, որը հնարավորինս անկախ կլինի SWIFT-ից։ Այդ դեպքում առևտուրը կարող է իրականացվել երկու երկրների ազգային արժույթների միջոցով։ Հարութ Արթին Առաքելյանի խոսքով՝ նման փորձեր արդեն կան։
«Իրանն ու Հնդկաստանը որոշ գործարքներ իրականացրել են ազգային արժույթներով, Իրանը Ռուսաստանի հետ ևս փորձել է առևտուր իրականացնել ռիալով և ռուբլով։ Նման գործընթացներ կան նաև այլ երկրների մասնակցությամբ․ օրինակ՝ Սաուդյան Արաբիան որոշ դեպքերում փորձել է նավթի դիմաց հաշվարկներ իրականացնել յուանով։ Այս բոլոր գործընթացները տեղավորվում են BRICS-ի շրջանակում իրականացվող այն փորձերի մեջ, որոնց նպատակն է նվազեցնել SWIFT-ից կախվածությունը»,- ասաց փորձագետը։
«Փակագիծ» վելուծական հարթակի ղեկավարը հավելեց, որ Միացյալ Նահանգներն այս քայլով փորձում է նաև մյուս երկրներին նախազգուշացնել․ եթե Իրանի հետ Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով փորձեն ֆինանսական փոխանցումներ իրականացնել, այդ թվում՝ SWIFT-ից դուրս համակարգերով, պետք է հաշվի առնեն հնարավոր պատժամիջոցների ռիսկը։
«ՎՏԲ-ի նկատմամբ նման պատժամիջոցներն առանձնապես նոր չեն․ բանկն արդեն վաղուց գտնվում է ամերիկյան սահմանափակումների տակ։ Իսկ թուրքական բանկը, կարծում եմ, այնպիսի խոշոր կառույց չէ, որի նկատմամբ պատժամիջոցները կարող են էական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա։ Թուրքիան այս հարցում փորձում է երկակի քաղաքականություն վարել։ Մի կողմից՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգների դաշնակից, մյուս կողմից էլ փորձում է որոշ հարցերում ավելի ինքնուրույն և հավասարակշռված դիրք պահպանել»,- կարծում է Առաքելյանը։
Իսկ Հայաստանի համար այս զարգացումների ամենաուղիղ հետևանքը ո՞ր դաշտում կարող է լինել՝ առևտո՞ւր, տրանսպորտային ուղինե՞ր, Իրան-Հայաստան տնտեսական կապե՞ր, թե՞ տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխություն։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի դեպքում հաշվարկներն այլ են։ Պաշտոնական Երևանի հռչակած և Միացյալ Նահանգների ու եվրոպական պետությունների ողջունած քաղաքականության հիմնական նպատակներից մեկը Հայաստանն առավելագույնս ռուսական ուղեծրից հեռացնելն է և այլընտրանքային ուղղություններ գտնելը։ Իսկ Հայաստանի համար այդ այլընտրանքներից մեկը հենց իրանական ուղղությունն է։
«Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ եվրոպական պետությունները, գոնե այս փուլում, ձեռնպահ կմնան Հայաստանի վրա ուղղակի ճնշում գործադրելուց, որպեսզի Հայաստանը հրաժարվի Իրանի հետ առևտրից։ Հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի հետ Հայաստանի առևտուրն ու ընդհանուր շրջանառությունը բավական աճել են, իսկ տրանսպորտային նախագծերը մտել են բավական ակտիվ փուլ։ Հետևաբար, կարծում եմ, այս մասով Հայաստանին Իրանի հետ հարաբերություններում լուրջ խոչընդոտներ չեն պարտադրվի։ Այլ հարց է բանկային համակարգը, բանկային փոխանցումները, ռազմավարական կամ երկակի նշանակության ապրանքների առևտուրը, որոնք այսպես թե այնպես արդեն իսկ բավական սահմանափակված են»,- ասաց Պողոսյանը։
Վաշինգտոնի այս քայլերը ցույց են տալիս, որ Իրանի դեմ ֆինանսական ճնշումն այլևս չի սահմանափակվում միայն իրանական կառույցներով։ Թիրախում են նաև այն արտաքին ֆինանսական օղակները, որոնք կարող են պահպանել Թեհրանի կապերը միջազգային շուկաների հետ։ Իսկ եթե այս քաղաքականությունը շարունակվի, առաջիկայում առանցքային հարցը կլինի՝ որքանո՞վ կկարողանան Ռուսաստանը, Թուրքիան և միջնորդ այլ երկրներ պահպանել Իրանի հետ ֆինանսական ու տնտեսական կապերի գործող մեխանիզմները։
Գառնի Մութաֆյան