

Արարատի մարզի Արմաշ բնակավայրն իր ջրաճահճային տարածքներով Հայաստանի կենսաբազմազանության կարևոր հանգույցներից է։ Այստեղ ձկնաբուծական տնտեսությունների լճերը դարձել են բազմաթիվ թռչնատեսակների, այդ թվում՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակների, ապրելավայր։
Արմաշի ջրաճահճային տարածքներում հանդիպում է Հայաստանում գրանցված 353 թռչնատեսակներից ավելի քան 200-ը՝ այս տարածքը դարձնելով կենսաբազմազանության եզակի կենտրոն։
Արմաշի ջրաճահճային տարածքը «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» (Ռամսարի) կոնվենցիայի շրջանակում պահպանության ներուժ ունեցող տարածք է։ Այն նաև Հայաստանի 23 Էմերալդ թեկնածու տարածքներից մեկն է։ Էմերալդ ցանցի տարածքների պահպանությունն իրականացվում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիայի շրջանակում։
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը 2026թ․ հուլիսի 16-ին այցելել էր Արմաշ՝ բնակավայրում իրազեկման հանդիպում անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները, Արմաշի ջրաճահճային տարածքների նշանակությունը թռչունների համար, ինչպես նաև տարածքի կենսաբազմազանության պահպանության խնդիրներն ու COP17-ին մասնակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում «Էկոլուր»-ը զրուցել է Արմաշի վարչական ղեկավար Հայկ Հակոբյանի հետ՝ Արմաշի ջրաճահճային տարածքների, ձկնաբուծական գործունեության ազդեցության, տարածքի կենսաբազմազանության և պահպանության հեռանկարների մասին։
«Մեր Արմաշի լճերը մարդ-բնություն համագործակցության վառ օրինակ են», – ասաց Արմաշի վարչական ղեկավարը։ Նրա խոսքով՝ Արմաշի լճերը բնական հողային հունով ստեղծված ջրային տարածքներ են։ Դրանք սնվում են հոսող ջրերով՝ Սևջուր և Զանգու գետերից, որոնք Արարատյան դաշտի ռելիեֆի առանձնահատկությունների շնորհիվ հավաքվում և դուրս են գալիս տարածքում։ Հայկ Հակոբյանը նշեց, որ լճերը չեն սնվում ստորերկրյա ջրերի հաշվին։
Արմաշի բնակիչների համար բնությունը նաև ապրուստի և աշխատանքի միջավայր է։ Գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունը տարածքում փոխկապակցված են։ Աղակալված հողերի մշակության համար ջուրը կարևոր նշանակություն ունի․ տարվա մեջ որոշ ժամանակահատված տարածքը ջրով է լցվում, այնուհետև ջուրը հեռացվում է, և հողերն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով։ «Մարդը գտել է հողը մշակելու իր ձևը», – ասաց Հայկ Հակոբյանը՝ նշելով, որ նույն տարածքը տարբեր սեզոնների կարող է օգտագործվել թե՛ ձկնաբուծության, թե՛ գյուղատնտեսության համար։
Արմաշի լճերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք տարվա բոլոր եղանակներին չեն շահագործվում նույն կերպ։ Ձկնաբուծական տնտեսությունները , ըստ անհրաժեշտության, լճերը հիմնականում դատարկում են ուշ աշնանը կամ ձմռանը։ Գարնանը և թռչունների բազմացման շրջանում լճերը չեն դատարկվում, ինչը հնարավորություն է տալիս թռչուններին բնադրել, ձվադրել և հանգիստ օգտագործել տարածքը որպես կենսամիջավայր։ «Հենց այն, որ թռչունները շարունակում են այստեղ բնադրել, ձվադրել, չուի ժամանակ իջնել լճերում և հետո շարունակել իրենց ճանապարհը, դրա վառ ապացույցն է», – նշեց Արմաշի վարչական ղեկավարը։ Ըստ նրա՝ Արմաշում հանդիպում են բազմաթիվ թռչնատեսակներ՝ ֆլամինգոներից մինչև ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված այլ տեսակներ։
Տարածքի պահպանության գործում, նրա գնահատմամբ, կարևոր դեր ունեն նաև ձկնաբուծական տնտեսությունների սեփականատերերը։ Լճերի տարածքները հիմնականում մասնավոր տնտեսությունների են պատկանում, և սեփականատերերը հետևում են տարածքների պահպանությանը՝ կանխելով որսագողությունը, հրդեհները և այլ հնարավոր վտանգներ։
Արմաշի կենսաբազմազանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ջրաճահճային տարածքներով և թռչուններով։ Բնակավայրի հարակից Ուրծի լեռնաշղթայում հանդիպում են նաև հազվագյուտ կենդանատեսակներ՝ այդ թվում մուֆլոն և վայրի այծ։ «Վայրի մուֆլոնը Հայաստանում շատ քիչ տեղերում է հանդիպում։ Այդ քիչ վայրերից մեկը Արմաշի լեռնային հատվածն է՝ Ուրծի լեռնաշղթայում», – ասաց Հայկ Հակոբյանը։
Տարածքի պահպանության և կենսաբազմազանության համար կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև էկոլոգիական միջանցքների ձևավորումը։ Արմաշի վարչական ղեկավարի խոսքով՝ քննարկվում է որոշ տարածքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հանձնելու հարցը։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է նպաստել տարածքի առավել համակարգված պահպանությանը։ Ուրծի լեռնաշղթան դիտարկվում է նաև որպես այն տարածքներից մեկը, որը կարող է կապել Խոսրովի անտառի և Սյունիքի ուղղությունները։
Արմաշի կենսաբազմազանության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Վարչական ղեկավարի խոսքով՝ տարածք այցելում են ինչպես եվրոպական երկրներից ժամանած հյուրեր, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերի ուսանողներ՝ թռչնադիտարկում իրականացնելու նպատակով։ Սակայն կազմակերպված էկոտուրիզմը դեռևս զարգացած չէ։
Արմաշը Երևանին մոտ է, և այստեղ այցելուների համար կարող է ձևավորվել բնության դիտարկման և էկոտուրիզմի հետաքրքիր ուղղություն։ Սակայն այդ հնարավորությունը պետք է զարգացնել զգուշությամբ՝ հաշվի առնելով նաև բնության պահպանության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մի կողմից՝ անհրաժեշտ է հանրայնացնել Արմաշի կենսաբազմազանությունը և ներկայացնել տարածքի արժեքը, մյուս կողմից՝ չստեղծել այնպիսի իրավիճակ, որը կարող է վնասել հենց այն բնական միջավայրին, որի շնորհիվ Արմաշը դարձել է հայտնի։ «Մենք լավ արդյունք ենք ստացել, և պետք է մտածել՝ ինչպես դա ներկայացնել, որպեսզի հետագայում բացասական հետևանքներ չլինեն», – նշեց նա՝ մտահոգություն հայտնելով հնարավոր որսագողության և տարածքի նկատմամբ չափազանց մեծ ու չկարգավորված հետաքրքրության մասին։
Արմաշի վարչական ղեկավարն ընդգծեց, որ բնակավայրի կենսաբազմազանությունը կարող է ներկայացվել նաև COP17-ի շրջանակում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ոչ միայն համայնքային կառույցների, այլև՝ բնակիչների մասնակցությունը։
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Սեպտեմբեր 17, 2026 at 13:44