ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ


Բիզնես


Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պետք է ոչ միայն զարգացնեն առանձին տրանսպորտային միջանցքները, այլև ձևավորեն փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը։

«Ծովային հաղորդակցությունները, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում խոցելի են և ենթակա տարբեր տեսակի ռիսկերի։ Այս պայմաններում մեր պետությունների համար, որոնք գտնվում են նույն՝ Եվրասիա մայրցամաքում, օբյեկտիվորեն մեծանում է եվրասիական տրանսպորտային երթուղիների և դրանց հետ կապված կարգավորող նորմերի նշանակությունը», – հայտարարել է Երմեկբաևը «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» խորագրով կլոր սեղանի շրջանակում։

Նա նշել է, որ գլոբալ մատակարարման շղթաների ընթացող վերակազմավորումը նոր պահանջներ է առաջ քաշում։

«Հետևաբար, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված ոչ միայն զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլև ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիավորի արևելքը, արևմուտքը, հյուսիսը և հարավը», – նշել է նա։

Երմեկբաևը նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ, իսկ ՇՀԿ-ն միավորում է այն երկրները, որոնց տարածքով անցնում են Եվրասիայի կարևորագույն տարանցիկ ուղղությունները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *