
«Նախընտրական փուլում, երբ մի քանի օրից քարոզարշավն է մեկնարկելու, ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագների փոփոխությունն արդյո՞ք կաշառք չէ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ «Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը, բացարձակ դրա հետ կապ չունի»,- պատասխանեց Մեսրոպյանը և շարունակեց․ «ՀԷՑ-ի ղեկավար կազմը այդ մասին հայտարարել էր ամիսներ առաջ․ նախնական ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն և բարձրաձայնել, բայց այդ ժամանակ չէինք կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում։ ՀԷՑ-ի ղեկավարներն այդ առաջարկությամբ հանդես եկան, նշված ժամկետներում այդ առաջարկները մեր կողմից մանրամասն ուսումնասիրվեցին և մենք էլ համոզվեցինք, որ նման հնարավորություն կա և կայացվեց այս որոշումը»։
Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ նիստում ընդունվել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը, որն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը: