Եվրամիությունը նախատեսում է սահմանափակել մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց առցանց անվտանգությունը։ Առաջարկվող կանոնների համաձայն՝ մինչև 13 տարեկան երեխաներին կարգելվի սոցիալական ցանցերի օգտագործումը, իսկ 13-ից 15 տարեկանները հարթակներից կկարողանան օգտվել օրական առավելագույնը մեկ ժամ՝ ծնողի կամ խնամակալի հաշվից ստեղծվող հատուկ «մինի հաշիվների» միջոցով։
Միայն 15 տարեկանից բարձր օգտատերերը կկարողանան ինքնուրույն ստեղծել սոցիալական ցանցերի հաշիվներ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նախաձեռնությունը ծնողներին կտա անհրաժեշտ գործիքներ՝ երեխաներին առցանց միջավայրում ավելի անվտանգ կողմնորոշելու համար։ Նրա խոսքով՝ շատ երեխաներ չափազանց վաղ են հայտնվում առցանց աշխարհում, որին դեռ պատրաստ չեն։
Նախաձեռնությունը պարտավորություններ է նախատեսում նաև սոցիալական ցանցերի համար։ Ընկերությունները պետք է ապացուցեն, որ իրենց հարթակներն անվտանգ են երեխաների համար, իսկ մինչև 18 տարեկանների դեպքում կիրառվի «անվտանգություն նախագծման փուլից» սկզբունքը։ Սա ենթադրում է, որ հարթակները պետք է խուսափեն երեխաների համար վնասակար կամ կախվածություն առաջացնող գործառույթներից։
Տարիքի ստուգումը նախատեսվում է իրականացնել ԵՄ-ում արդեն գործող տարիքային վերիֆիկացման հավելվածի միջոցով։ Նախաձեռնությունը, որը ստացել է EU Kids Act անվանումը, դեռ պետք է անցնի օրենսդրական գործընթաց։ Եթե այն ընդունվի, ԵՄ անդամ երկրները կարող են նաև լրացուցիչ սահմանափակումներ կիրառել։
Երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումներ արդեն քննարկվում կամ կիրառվում են ԵՄ մի շարք երկրներում։ ԵՄ-ն այս հարցում ուսումնասիրել է նաև Ավստրալիայի փորձը, որտեղ անցած դեկտեմբերից մինչև 16 տարեկանների համար արգելված է մի շարք սոցիալական հարթակների օգտագործումը։ Սակայն արգելքի կիրառումը խնդիրների է բախվել, և բազմաթիվ երեխաներ շարունակում են օգտվել սոցիալական ցանցերից։
Մեծ Բրիտանիայում ևս մինչև 16 տարեկանների համար նման սահմանափակում նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը։
Top news