Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Վարազդատ Հարությունյանը դատարանի որոշումը որակեց «ապօրինի», նշեց՝ ըստ էության, դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձող փաստարկներ չհնչեցվեցին․ «Դատավորի կողմից ներկայացվեց որոշակի դիրքորոշումներ մեր կողմից վկայակոչված փաստերի վերաբերյալ, բայց այդ դիրքորոշումները որևէ կերպ չհիմնավորեցին Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը»,– ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել Մարտուն Գրիգորյանի կալանքի երկարաձգումը։
«Տեսեք՝ պետությունը մատնում է իր իրական մտադրությունները․ ասում է՝ Մարտուն Գրիգորյանը, քանի որ պատգամավոր էր, անձեռնմխելիությունից էր օգտվում, սպասել են, որ անձեռնմխելիությունը դադարի, նոր այս ամեն ինչն սկսեն։ Դա նշանակում է, որ իրենք Մարտուն Գրիգորյանի կողմից գործի խոչընդոտման հավանականություն չեն տեսել, դա չի եղել իրական նպատակը, հակառակ պարագայում՝ ինչպե՞ս էին երեք ամիս թողում, որ Մարտուն Գրիգորյանը ազատ շրջի, ում հետ ուզի հաղորդակցվի»,– լրագրողներին ասաց Հարությունյանը:
Փաստաբանը վստահություն հայտնեց, որ Գրիգորյանին մեղսագրված արարքի հիմնավորվածությունը իսպառ բացակայում է։