Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Երկուստեք բարձր է գնահատվել փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Մասնավորապես, կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։
Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։