ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանեց, որ իր կանխատեսումը պայմանավորված է մոնետար պայմանների չափավոր խստացմամբ, ինչպես նաև նրանով, որ տվյալ քայլը առնվազն մասնակիորեն արդեն ներառված էր շուկայի սպասումներում:

ՀՀ ԿԲ Խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բարձրացնել դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%:

Հովակիմյանը կարգավորողի՝ տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու որոշումն անվանել է, ընդհանուր առմամբ, սպասելի քայլ:

«Մենք ավելի վաղ նշել էինք կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով, որ սպառողական գնաճը երկրում ընթացիկ տարվա փետրվարից պահպանվում էր ԿԲ 3% (±1 տ.կ.) թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր: Ընդ որում, կարգավորողի ներկայացուցիչների խոսքով, առանձնակի անհանգստություն է առաջացնում հենց բազային գնաճի կայունությունը»,- պարզաբանեց նա:

Freedom Broker Armenia-ի տնօրենի խոսքով՝ ևս մեկ կարևոր գործոն է արտաքին գնաճային ճնշման ռիսկերի աճը՝ նավթի կտրուկ բարձրացած գների (մեկ բարելի դիմաց $100-ից բարձր) և Մերձավոր Արևելքում վերջին աշխարհաքաղաքական էսկալացիայի պատճառով առաջացած լոգիստիկ բարդությունների ֆոնին. Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակվող սահմանափակումները (ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին) և Կարմիր ծովը Ադենի ծոցին միացնող Բաբ էլ-Մանդեբի նեղուցով (նավթի համաշխարհային ծովային փոխադրումների առանցքային երթուղիներից մեկը) փոխադրումների հետ կապված խնդիրները և այլն:

Հովակիմյանը նշեց նաև, որ պետական պարտատոմսերի շուկայում հավանական է փոքր ճնշում գների վրա, թեև դրամային կորպորատիվ պարտատոմսերի գների/եկամտաբերության վրա ազդեցությունը, նրա կարծիքով, չնչին կլինի՝ շուկայի թույլ իրացվելիության և արդեն իսկ գոյություն ունեցող, հարաբերականորեն լայն սպրեդերի շնորհիվ:

«Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ պրոինֆլյացիոն գործոնների պահպանման ֆոնին դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում շուկայի արձագանքն ավելի արտահայտված կլինի: Սակայն ցածր իրացվելիությունը և շուկայի սահմանափակ արդյունավետությունը կարող են հանգեցնել դրա դրսևորմանը ժամանակային հապաղումով, ինչպես նաև առանձին թողարկումների ոչ լիարժեք վերագնահատմանը»,- եզրափակել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *