Մոսկվան շարունակում է սպասել Անկարայի արձագանքին՝ կապված Թուրքիայից ամերիկյան զենքի՝ Ուկրաինա հնարավոր տեղափոխման հետ, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Պատմությունը լավ հայտնի է, մենք բոլոր հարցերը բարձրացրել ենք թուրքական կողմի առաջ։ Սպասում ենք պատասխանին և համապատասխան պարզաբանումներին»,- ասել է նա։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիայում առկա պաշարներից Ուկրաինային 70 M39 ATACMS հրթիռ, 12 M270 MLRS արձակման կայանք, ավելի քան 2,5 հազար M26 հրթիռ և 47 հազար կասետային հրետանային արկ փոխանցելու թույլտվություն տալու մտադրության մասին։
Քանի որ սպառազինությունն արտադրվել է ԱՄՆ-ում, դրա վերաարտահանումը պահանջում է Վաշինգտոնի թույլտվությունը։ Պետդեպարտամենտը փաստաթղթերը Կոնգրես է ուղարկել օգոստոսի 3-ին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ փոխանցումը բխում է ԱՄՆ-ի անվտանգության շահերից․ Թուրքիան կկարողանա կրճատել հնացած սպառազինության պաշարները, իսկ Ուկրաինան՝ ամրապնդել ռազմական հնարավորությունները։
Ռուսաստանը անընդունելի է համարում Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը։ Մոսկվան կոչ է արել Թուրքիային հրաժարվել նման «ապակառուցողական քաղաքականությանը» մասնակցելուց։