Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը կազմել է 27,35 կգ՝ մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով․ facebook-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սա ռեկորդային ցուցանիշ է Copernicus ERA5 տվյալների շարքում՝ 1979 թվականից ի վեր։ Նախորդ ռեկորդը գերազանցվել է ընդամենը 0,04 կգ/մ²-ով, սակայն ամբողջ մոլորակի մասշտաբով դա համարժեք է շուրջ 20 տրիլիոն լիտր հավելյալ ջրի։
Copernicus-ն այս ցուցանիշը կապում է օդի ռեկորդային ջերմաստիճանի, արևադարձային գոտու օվկիանոսների շատ տաք ջրերի և ուժգնացող Էլ Նինյոյի հետ։
Սա չի նշանակում, որ այդ ամբողջ ջուրն անպայման անձրևի տեսքով կտեղա։ Սակայն ավելի խոնավ մթնոլորտը մեծացնում է հորդառատ տեղումների, գիշերային տոթի և ուժեղ ցիկլոնների զարգացման ներուժը։ Խտացման ժամանակ ջրային գոլորշին անջատում է ջերմություն՝ լրացուցիչ էներգիա հաղորդելով փոթորկային համակարգերին»,- նշել է նա։