Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը Արցախի դեմ վերջին ագրեսիայի տարելիցի առիթով.
ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն Է
• Երբ 1993 թ․-ին Արցախի մեծ մասն ազատագրվեց, հեռացած ադրբեջանցիները հաստատվեցին Ադրբեջանի տարբեր գյուղերում ու քաղաքներում։ Ամենաշատը նրանք լսում էին հետևյալ մեղադրանքը՝ «satdınız, gəldiniz» («ծախեցիք, էկաք») կամ թե՝ հետևյալ պախարակումը՝ «nəyin qaldı Qarabağda» («ի՞նչդ ես թողել Ղարաբաղում»)։ Այո՛, այո՛։ «Մայր ադրբեջանցիները» հալածում էին փախստականներին ճիշտ այնպես, ինչպես այսօրվա կապիտուլյանտական լծի տակ գտնվողները՝ Արցախի հայերին։ Սա բնական է և պայմանավորված չէ ազգությամբ։ Եթե մարդկային խմբի ընթացքը թողնում ես ինքնահոսի, այն մեծ հավանականությամբ կդառնա ծույլ, պղերգ, չկամ, չարախոս ու նախանձ։
• Ադրբեջանում Ալիևները բեկեցին այդ «ինքնահոս» ընթացքը, Ղարաբաղն ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» դարձրին ադրբեջանական ազգաշինության կենտրոնական տարրեր՝ պետությունը վերածելով միաձույլ ռևանշիստական մեքենայի։ Իսկ այսօրվա հետպատերազմյան Հայաստանում, ինչպես գիտեք, արվում է հակառակը․ առաջին հերթին հենց դե-ֆակտո իշխանություններն են համակերպեցնում ժողովրդին պարտության հետ և ներազգային ատելություն հրահրում Արցախից բռնագաղթեցվածների հանդեպ։
• Այժմ վերադառնանք Արցախ։ Թուրքմենական տիրապետության օրերին՝ 1500 թ․-ին, մի հիշատակագիր այսպես է վկայում Հայաստանին պատուհասած արհավիրքների հետևանքները․ «… եւ ոչ ուրէք մնասցէ մարդ ի վերայ երկրի, բայց միայն ի ձորն Մանանաղոյ եւ ի լերինս Սասնոյ եւ ի մայրիս Արցխոյ» (Մատենադարան, № 6146, թերթ 7ա)։ Այսպես դարեր շարունակ լինելով հայկական քաղաքակրթական ինքնության կրողն ու պահեստարանը՝ Արցախն այսօր մարդաթափ է։ Բայց դա ողբերգության կեսն է։ Կա Աբելի սպանությունը Կայենի կողմից և կա Աբելի սպանությունից հետո Կայենի նենգ պատասխանն Աստծուն՝ «չգիտեմ․ միթէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ»։ Արցախի «հեռադիտակային» հանձնումն Աբելի սպանությունն է, իսկ Արցախի անկումից հետո գերսահմանամերձ դարձած Կապան քաղաքում այսօր կազմակերպած վայ-համերգը՝ կայենական նենգ պատասխանը…
• Բայց ինչպես ամենայն հայոց բանաստեղծն է ասել․ «էսպես չի մնա»։ Արցախն անպայման վերաազատագրվելու է, իսկ կայենական պատժից ոչ ոք չի խուսափելու։
* Լուսանկարը՝ Շուշվա Հունոտի կիրճում, 2018 թ․ մայիսի 6