Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ ։
Դեպքի վայր են ժամանել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և Ռանչպարի վարչական ղեկավարը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված կամրջի վտանգավորության մասին SHAMSHYAN.com-ը մի քանի հրապարակումներ է կատարել և դեռ ամիսներ առաջ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հայտնել էր, որ կամուրջը հիմնանորոգվելու է, սակայն մինչև այսօր ոչինչ չի արվել։
Հավաքված բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Դավիթ Խուդաթյանին, ասելով, որ միայն իրենք կարող են երկար տարիներ մահվան ճիրաններում գտնվող, ամեն պահի փլուզման ենթակա կամուրջը հիմնանորոգել, հինը պետք է ապամոնտաժվի և կառուցվի նորը։