Ռուսներն ու վրացիները «կարոտել են միմյանց», իսկ երկրների միջև վիզային սահմանափակումների հանումը սպասված որոշում էր։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վրացական պատվիրակության մասնակցությունը Երիտասարդության միջազգային փառատոնին։
«Մենք չունենք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ ակտիվորեն զարգանում են առևտուրը, տնտեսությունն ու հումանիտար ոլորտը։ Վերջապես — և այս դեպքում կօգտագործեմ «ալելուիա» բառը, որովհետև դա այնքան սպասված էր՝ հանվեցին վիզային սահմանափակումները», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ սահմանափակումների չեղարկումից հետո Ռուսաստան այցելելու հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն վրացական առանձին պատվիրակությունների, այլև ընդհանրապես երկրի քաղաքացիների համար։
«Մենք բոլորին սպասում ենք։ Մենք իսկապես կարոտել ենք։ Սա լավագույն բառն է․ մենք կարոտել ենք միմյանց», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։