Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր արել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։
Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։
Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերը ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։
Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։
Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։
Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։
Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։
Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»,- նշել է նա: