ԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազան


Աշխարհ


ԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող Սառը պատերազմի տարիների նախկին ռազմական բազան և նոր ռազմական ներկայություն հաստատել կղզու արևելյան ափին. գրում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Խոսքը հարավում գտնվող Նարսարսուաքի և արևելքում գտնվող Մեստերսվիգի մասին է։ Նարսարսուաքում ԱՄՆ-ը նախկինում ունեցել է «Բլուի Ուեսթ Ուան» ռազմաբազան, որը փակվել է 1950-ականներին։ Դրանից հետո բնակավայրի բնակչությունը նվազել է՝ հասնելով մի քանի տասնյակի։

Մեստերսվիգում ներկայումս տեղակայված է Դանիայի հատուկ նշանակության «Սիրիուս» ստորաբաժանման շների սահնակներով պարեկային ծառայությունը։

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել երեքշաբթի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Համաձայնագրի ամբողջական տեքստը դեռ հրապարակված չէ, իսկ աղբյուրների փոխանցմամբ՝ դրա որոշ մանրամասներ վերջնականապես համաձայնեցվելու են ստորագրման պահին։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրի մանրամասները՝ կրկնելով ավելի վաղ տարածած հայտարարությունը, ըստ որի՝ այն կնպաստի Գրենլանդիայի և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելուն։

Դանիայի իշխանությունների խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է Արկտիկայի անվտանգության հարցերը դիտարկել ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ ոչ թե դրանք թողնել բացառապես ԱՄՆ-ի և Դանիայի պատասխանատվության ներքո։

Նոր համաձայնագիրը կնքվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամիսներ շարունակ հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունն ընդլայնելու ցանկության մասին։ Դանիան և Գրենլանդիան, սակայն, ընդգծել են, որ համաձայնագիրը չի ենթադրում կղզու ինքնիշխանության փոխանցում ԱՄՆ-ին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *