G7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելը


Ոճ և դեմքեր


«Մեծ յոթնյակի»՝ G7-ի անդամ երկրների արտգործնախարարները Իրանից պահանջել են դադարեցնել Եմենի հութիներին զինելն ու աջակցելը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, համատեղ հայտարարության մեջ G7-ը նաև խստորեն դատապարտել է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ նշելով, որ Եմենում վերջին շրջանում ռազմական գործողությունների սրումը սպառնում է տարածաշրջանային և համաշխարհային էներգետիկ անվտանգությանը։

G7-ի անդամները կոչ են արել հութիներին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, քաղաքացիական նավերի նկատմամբ սպառնալիքներն ու հարձակումները և վերադառնալ քաղաքական գործընթացին։Հայտարարությունն ընդունվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո։

Վերջին շաբաթներին հութիները առաջխաղացում են ունեցել Եմենի Կարմիր ծովի ափին և վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական Մոխա նավահանգիստը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանը։ Կարմիր ծովը Ադենի ծոցին և Հնդկական օվկիանոսին կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կարևոր նշանակություն ունի միջազգային ծովային առևտրի համար։ Նեղուցով անցնում է համաշխարհային ծովային առևտրի մոտ 9%-ը, ինչի պատճառով դրա շուրջ ցանկացած լուրջ խափանում կարող է անդրադառնալ միջազգային բեռնափոխադրումներին։

Սաուդյան Արաբիան, որը աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, վերջին շրջանում հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին։ Միաժամանակ հութիները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի տարբեր թիրախների։

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին շրջանում Եմենի Կարմիր ծովի ափին ռազմական գործողությունների սրման հետևանքով ավելի քան 120 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։

Արմեն Խեչումյան

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *