Տավուշի անտառների խորքում գտնվող Կիրանցի Առաքելոց վանական համալիրը շարունակում է բացել իր պատմության նոր էջերը։ Վանքի տարածքում հայ և ավստրիացի հնագետները համատեղ պեղումներ են իրականացնում՝ փորձելով հողի տակ պահպանված հետքերով վերականգնել երբեմնի վանական համալիրի պատմությունը։
Հնագիտական աշխատանքներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի համագործակցության շրջանակում։ Մասնագետների ուշադրության կենտրոնում ոչ միայն առանձին գտածոներն են, այլև ամբողջ տարածքի կառուցվածքն ու դրա ձևավորման պատմությունը։
Պեղումների միջոցով հնագետները փորձում են պարզել, թե ինչպես է դարեր առաջ ձևավորվել վանական համալիրը, ինչ կառույցներ են եղել այստեղ և ինչ կապ են ունեցել դրանք միմյանց հետ։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս Առաքելոցը դիտարկել ոչ միայն որպես առանձին հուշարձան, այլև հասկանալ դրա շուրջ ձևավորված պատմական միջավայրը։
Պեղումների ընթացքում արդեն հայտնաբերվել են ճարտարապետական տարբեր դետալներ, խեցեղեն և այլ գտածոներ։ Սակայն հնագետների համար հայտնաբերված առարկան միայն գտածո չէ․ յուրաքանչյուր նմուշ մանրամասն ուսումնասիրվում, չափագրվում և համարակալվում է։ Այս տվյալների համադրությամբ մասնագետները փորձում են հնարավորինս ամբողջական պատկեր ստանալ տարածքի անցյալի մասին։
Առաքելոցում աշխատանքը դեռ շարունակվում է։ Հողի յուրաքանչյուր նոր շերտ կարող է նոր տեղեկություն տալ վանական համալիրի պատմության մասին։ Հնագետները դեռ երկար կշարունակեն ուսումնասիրել տարածքը՝ պարզել, թե դարեր շարունակ մնացել է հողի տակ։
https://www.youtube.com/watch?v=-Z5mhhpDppE