Թուրքիան և Միացյալ Նահանգներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ամեն ջանք գործադրում են Կովկասում ու Սև ծովում լարվածության սրման ռիսկը նվազեցնելու համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այս մասին հայտարարել է Նյու Յորքում կայացած «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100 տարվա շեմին» խորհրդաժողովում։
Իր ելույթում Ֆիդանն ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային զարգացման և խաղաղության պահպանման համար։
Ֆիդանը նաև նշել է, որ սևծովյան տարածաշրջանը չպետք է դառնա խնդիրների աղբյուր, այլ՝ միջազգային համագործակցության հարթակ։
Ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացի համատեքստում՝ Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն կապեր պահպանել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։
«Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտությանը՝ Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար», – նշել է թուրք նախարարը։
Ֆիդանն ընդգծել է, որ, ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի առնելով, անհրաժեշտ է կառուցել արդյունավետ գործընկերություն համաշխարհային տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին կայանալիք ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։