Ինֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում 


Սպորտ


BBC-ի փոխանցմամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է կազմակերպության կառավարման համակարգի անկախ արտաքին վերանայում՝ FIFA Forward Enterprise (FFE) նախաձեռնության շուրջ առաջացած քննադատությունների ֆոնին։ ՖԻՖԱ-ի խորհրդի անդամներին և ազգային ֆեդերացիաներին ուղղված նամակում Ինֆանտինոն նշել է, որ անկախ գործընթացը պետք է հնարավոր բարելավումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի։

Նա նաև առաջարկել է քննարկել ՖԻՖԱ-ում որոշումների կայացման գործընթացի ամրապնդման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվելու են նախագահի դերը, ինչպես նաև խոշոր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության բարձրացման հարցերը։

Ինֆանտինոն վերջին շրջանում քննադատության է ենթարկվել FFE նախաձեռնության պատճառով։ Նախագիծը նախատեսում էր ստեղծել նոր ընկերություն, որը կկառավարեր ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության, կոմերցիոն և տոմսերի վաճառքի իրավունքները։ Նախատեսվում էր ընկերության 21%-ը վաճառել մասնավոր ներդրումային ընկերության։

Ինֆանտինոյի խոսքով՝ նախաձեռնությունը չէր ենթադրում ՖԻՖԱ-ի վերահսկողության կամ սպորտային որոշումների նկատմամբ կազմակերպության իրավասության փոխանցում։ Նա նշել է, որ նախագիծը հանրայնացվել էր նախքան ՖԻՖԱ-ի նախատեսված ներքին գործընթացի ավարտը, ինչի հետևանքով տպավորություն էր ստեղծվել, թե որոշումն արդեն ընդունված է։ «Ես ընդունում եմ, որ առանց ամբողջական համատեքստի դա մտահոգություն առաջացրեց և ստեղծեց այնպիսի տպավորություն, թե որոշումներն արդեն ընդունվել են։ Այդպես չէր»,- գրել է Ինֆանտինոն։

Նրա հայտարարությունը հաջորդում է ՈւԵՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի պահանջին՝ ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիաներին կազմակերպության պահուստային միջոցներից 10-ական միլիոն դոլար վճարելու վերաբերյալ։  Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Դեբի Հյուիթը Ինֆանտինոյից պահանջել էր հրապարակել FFE-ի նախաձեռնությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը և կոչ էր արել անկախ վերանայում անցկացնել։ 

ՖԻՖԱ-ի խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։ Ինֆանտինոն 2027 թվականի մարտին նախատեսված ընտրություններում պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։

Top News

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *