ԱՄՆ-ի մասնակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նոր հնարավորություններ է ստեղծում․ Վրաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նոր հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասումհայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող ամենամյա «Կոնկորդիա» գագաթնաժողովում։

«Հարավարևելյան Եվրոպան և Սև ծովը որպես կայունության հենասյուն» խորագրով քննարկման ժամանակ նա նշել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական աճող նշանակությունը։

Բոճորիշվիլիի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ավելի կարևոր են դառնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ Վրաստանի համար։

Նա ընդգծել է ԱՄՆ-ի մասնակցության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և նշել Վրաստանի դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։

«Վրաստանը միշտ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության ապահովման և հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում», – հայտարարել է Բոճորիշվիլին։

Նախարարը նաև անդրադարձել է Վրաստանի երկարատև գործընկերությանն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ և նշել երկրի ներդրումը միջազգային առաքելություններում։

Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է ձգտել ինտեգրվել Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ երկրի աճող աշխարհաքաղաքական դերը պահանջում է տարբեր գործընկերային հարաբերությունների զարգացում, սակայն դա չի նշանակում հրաժարում ԵՄ անդամակցության ձգտումներից։

Նա նաև նշել է, որ երկրում անվտանգության և կայունության պահպանումը հիմք է ստեղծում տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *