
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։
Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր առել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։
Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։
Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերն ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։
Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։
Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։
Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։
Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։
Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»։